«Անկախություն՝ հագնվելիս» աջակցող միջոցների ուղեցույցն արժեքավոր ռեսուրս է, որը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և «Թերապիստները Հայաստանի համար» նախաձեռնության կողմից՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասնելու ավելի մեծ անկախության առօրյա հագնվելու գործընթացում։
Ինքնուրույն հագնվելը կարող է զգալի դժվարություններ առաջացնել կյանքի տարբեր փուլերում։ Այդ դժվարությունները կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ։ Դժվարությունները կարող են պայմանավորված լինել ինչպես հագուստի տարբեր հատկանիշներով (օրինակ՝ չափս, ձև, կտոր և այլն), այնպես էլ այն, թե ինչ հարմարանքներ են օգտագործվում հագնվելու գործընթացում (օրինակ՝ կոճակի կեռիկներ, հագուստի ձողեր և այլն) և ինչ միջավայրում։
Այս մարտահրավերները կարող են ազդել ինքնավստահության, անկախության և ընդհանուր կյանքի որակի վրա: Գիտակցելով այս դժվարությունները՝ մենք ստեղծել ենք այս ուղեցույցը՝ մանրամասն տեղեկություններ և քայլ առ քայլ հրահանգներ տրամադրելու հագնվելուն աջակցող տարբեր հարմարանքների վերաբերյալ։
Ուղեցույցի հիմնական նպատակն է առաջարկել գործնական լուծումներ հագնվելու համար: Տեղ գտած բոլոր լուծումներն ընտրվել են՝ իրենց արդյունավետությունը և օգտագործման հեշտությունը գնահատելով:
Ուղեցույցն այնպես է կառուցված, որ հարմար և բովանդակալից լինի օգտագործողի համար: Այն սկսվում է հագնվելուն աջակցող հարմարանքների ակնարկով` ընդգծելով դրանց կարևորությունն ու առավելությունները: Դրանից հետո դուք կգտնեք մանրամասն բաժիններ յուրաքանչյուր հարմարանքի վերաբերյալ, ներառյալ նկարագրությունները, առավելությունները, օգտագործման քայլ առ քայլ հրահանգները և այլ օգտակար խորհուրդներ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Վ. Արմինէ Պապիկեանին և Ջենիֆեր Բենուային (Թերապիստները Հայաստանի համար), Քամիլ Քոին, Հաննա Մեթյուին, Շերի Քընգին, Էլիզաբեթ Վիլյամս, Քեյթլին Հասանին, Սոֆիա Յուինգին, Լարիսա Ջոնսին, Բեթանի Քինկիդին, Չերի Սեյսոնին, Սեմ Բոչոբին (Տեխասի կանանց համալսարանի էրգոթերապիայի դպրոց) ուղեցույցի մշակման աշխատանքներում աջակցելու համար:
Ուղեցույցը պատրաստվել է «Անկախություն ու արժանապատվություն առօրյա կյանքում ՝ աջակցող սարքերի միջոցով» ծրագրի շրջանակներում ՝ «STRIVE» ծրագրի աջակցությամբ։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՆԵՖ Բելգիայի (NEF Belgium) կողմից՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Մատչելիության հայտարարություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ջանում է տեղեկատվական բոլոր նյութերը ստեղծել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար մատչելի ձևաչափերով։ Այս էլեկտրոնային փաստաթուղթը կարող է մատչելի չլինեն կույր անձանց։ Եթե այն չի համապատասխանում ձեր կարիքներին, այլընտրանքային տարբերակները ստանալու նպատակով կարող եք գրել մեր էլփոստի հասցեին՝ info@dra.am: Տեղեկատվական նյութերի մատչելիության հարցումներին մենք պատասխանում ենք 48 ժամում։