«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ ուղեցույցի մշակման աշխատանքների իրականացման համար։ Ուղեցույցը վերաբերելու է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային քաղաքականության մշակման (որոշումների կայացման) գործընթացում ներգրավելուն։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան շեշտադրում է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և հասարակական կյանքում ներառելու կարևորությունը և՛ որպես սկզբունք, և՛ իրավունք: Սա կարևոր է ոչ միայն հասարակությանը պատկանելու և ներառված լինելու զգացումը խթանելու համար, այլ նաև ապահովելու համար, որ մշակված քաղաքականություններն իսկապես ներառական լինեն և ներկայացնեն ամբողջ բնակչության շահերն ու կարիքները:
Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման ներգրավվածությունը նշանակում է նաև համատեղ ջանքերի կիրառմամբ բոլոր այն խոչընդոտների վերացում, որոնք ներկայումս խանգարում են նրանց լիարժեք մասնակցությանը։ Այս խոչընդոտներից են հասարակական վերաբերմունքը և հոգեկան առողջության խնդիրների հետ կապված խարանը, ինչպես նաև համակարգային մարտահրավերները, օրինակ՝ մասնակցության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը:
Այստեղ հատկապես արդիական է «Ոչինչ մեր մասին առանց մեզ» կարգախոսը՝ ընդգծելով այն սկզբունքը, որ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լսելի լինեն իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործում: Այս մասնակցային մոտեցումը նաև ընդունում և արժևորում է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունը։ Սա պահանջում է փոփոխություններ ինչպես՝ քաղաքականության և պրակտիկայի շրջանակներում, այնպես էլ՝ մշակութային, առ այն, թե ինչպես ենք մենք ընկալում և ներառում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և սոցիալական կառուցվածքների համատեքստում:
Չնայած խնդիրներին, առկա չէ հայերեն ուղեցույց, որը տարբեր դերակատարներին կփոխանցի գործնական հմտություններ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց՝ քաղաքականությունների մշակման բոլոր փուլերում ներառման վերաբերյալ։
Նպատակ և արդյունքներ
Մատուցվող ծառայության նպատակն է մշակել և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրել ուղեցույց հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ներգրավելու վերաբերյալ։ Ուղեցույցը պետք է ուղղված լինի ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությանը։ Ուղեցույցում պետք է ներկայացված լինեն հետևյալ թեմաները՝ ուղեցույցի նպատակն ու կիրառումը, մասնակցային քաղաքական երկխոսության կարևորությունը, որոշումների կայացման գործընթացին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցության մարտահրավերներն ու առանձնահատկությունները, լիարժեք և արդյունավետ մասնակցության սկզբունքները։ Ուղեցույցում պետք է ներկայացված լինեն արդյունավետ լուծումներ, թե ինչպես մատչելի ձևաչափերով դյուրացնել մասնակցությունը, ինչպես ստեղծել մատչելի միջավայր՝ հաշվի առնելով հանդիպման տարածքի ֆիզիկական մատչելիությունը, նյութերի և թվային հարթակների մատչելիությունը և այլն։ Ուղեցույցում պետք է ներկայացված լինի հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման գործընթացում մասնակցությունը հեշտացնող քայլերի ստուգացանկ։ Ուղեցույցը կարող է պարունակել նաև տեղեկություններ այն երկրների փորձի մասին, որոնք ունեն ծառայություններից օգտվող կամ նախկինում օգտված անձանց շարժումների հարուստ փորձ և ձևավորված գիտելիք։ Ծառայություն մատուցողը ուղեցույցի մշակման գործընթացում պետք է խորհրդակցի հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հետ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ աշխատանքային թիմինը)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Մշակված ուղեցույցի/ձեռնարկի առնվազն 2 օրինակ,
- Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական։
Իրավաբանական անձանց խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի ապրիլ 10-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-RSP-GD-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 01.04.2024-01.05.2024:
Ընտրված ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի ուղեցույցի մշակման մանրամասն ժամանակացույցը։
Մատուցված ծառայության համար վճարումներն իրականացվելու են երեք փոխանցումով՝ հետևյալ տրամաբանությամբ՝
- Ուղեցույցի նախագծումից հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը,
- Ուղեցույցի նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը,
- Ուղեցույցի վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 40%-ը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։ Կազմակերպությունը մշտադիտարկում է խնամքի հաստատություններում և հոգեբուժական կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը։ Կազմակերպությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեբուժական ծառայություններից օգտված կամ օգտվող անձանց, տրամադրում է իրավաբանական օգնություն և սոցիալական դեպքի վարման ծառայություն։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքների վրա հիմնված մոտեցման ինտեգրմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:
Ծրագրի խնդիրներն են՝
- Մշակել իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության քաղաքականություն և գործիքներ՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
- Իրավունքների վրա հիմնված տեսանկյունից ջատագովել քաղաքականությունների և գործիքների ներդրման և վերանայման ուղղությամբ,
- Վերանայել և կատարելագործել ՀՀ-ում գործող հոգեսոցիալական ծառայությունները,
- Մշակել և փորձարկել հոգեկան առողջության համայնքային նոր ծառայություններ և վաղ նույնականացման մեխանիզմներ ՀՀ-ում,
- Բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։