«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ ուղեցույցի մշակման աշխատանքների իրականացման համար։ Ուղեցույցը վերաբերելու է հաշմանդամություն ունեցող անձանց ներառման համար մատչելի այգիների մասնակցային նախագծմանը։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ ապրելու և հասարակությունում լիարժեք և հավասար մասնակցության նախապայման է։ Առանց ֆիզիկական միջավայրի մատչելիության, հաշմանդամություն ունեցող անձինք չեն ունենա մասնակցելու հավասար հնարավորություններ։ Պատահական չէ, որ մատչելիությունը այն սկզբունքներից մեկն է, որի վրա հիմնված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։
Երբ հանրային տարածքները նախագծված են հաշվի առնելով համընդհանուր դիզայնի սկզբունքները, դրանք բոլոր անհատների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում խթանելու ներուժ ունեն:
Այդ տարածքները կարող են ծառայել որպես դինամիկ հարթակներ մասնակցային որոշումների կայացման համար՝ հնարավորություն տալով համայնքի ղեկավարներին լսել բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը։ Ընդունելով համընդհանուր դիզայնի սկզբունքները՝ հանրային կանաչ տարածքները կարող են դառնալ կենսունակ և ներառական տարածքներ, որոնք միավորում են մարդկանց, հեշտացնում որոշում կայացնողների հետ երկխոսությունը և խթանում դրական փոփոխությունները:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն այժմ իրականացնում է հետազոտություն, որի շրջանակում ուսումնասիրվելու են հանրային կանաչ տարածքների մատչելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության պրակտիակները։ Այդ հետազոտության արդյունքների հիման վրա, ինչպես նաև համընդհանուր դիզայնի սկզբունքները հաշվի առնելով՝ նախատեսվում է մշակել ուղեցույց:
Նպատակ և արդյունքներ
Մատուցվող ծառայության նպատակն է մշակել և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրել ուղեցույց համայնքային ներգրավածության համար մատչելի և կանաչ տարածքների մասնակցային նախագծման վերաբերյալ։ Ուղեցույցը պետք է գործիք դառնա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ օգնելով նրանց կիրառելու համընդհանուր դիզայնի սկզբունքները աշխատանքներում։ Ուղեցույցում պետք է ներկայացված լինեն հետևյալ բաժինները՝ ներածություն, այդ թվում՝ ուղեցույցի նպատակը, համընդհանուր դիզայնի վերաբերյալ հիմնական տեղեկություններ, մասնակցային նախագծման առավելությունները, հանրային կանաչ տարածքներում հաճախ հանդիպող խնդիրները, հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր կարիքները, նախագծման, իրականացման և մշտադիտարկման փուլի հիմնական նկատառումները, համընդհանուր դիզյանի սկզբունքների կիրառման ռազմավարությունների վերաբերյալ, բյուջետավորման առանձնահատկությունները։ Ուղեցույցում պետք լինեն նաև նկատառումներ շարունակական զարգացման և հետադարձ կապի վերաբերյալ։ Բաժինները կարող են ներառել նաև ստուգացանկեր և օգտակար ռեսուրսների ցանկեր։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ աշխատանքային թիմինը)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Նախկինում մշակված ուղեցույցի/ձեռնարկի առնվազն 2 օրինակ,
- Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական։
Իրավաբանական անձանց խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ), հետևաբար, գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-GSOH-GD-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 01.04.2024-30.06.2024:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում:
Ծրագրի մասին
Աշխատանքներն իրականացվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի «Կանաչ տարածքներ, բաց սրտեր. համընդհանուր ձևավորված այգիներ համայնքների ներգրավման համար» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը համայնքային մակարդակում որոշումների կայացմանը համընդհանուր ձևավորված հանրային տարածքների միջոցով։
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության (Քաունթերփարթ) հետ համատեղ «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։