«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Հետազոտությունը վերաբերելու է հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացմանը։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի բոլոր ոլորտներում պատմականորեն զրկված են եղել անձնական ընտրությունից և իրենց կյանքի նկատմամբ վերահսկողությունից: Մշտապես ենթադրվել է, որ շատերն ի վիճակի չեն անկախ ապրել իրենց համայնքներում և ստանալ իրենց նախընտրելի սոցիալական և առողջապահական ծառայությունները: Այդ ծառայություններն այսօր էլ անհասանելի են, քանի որ համայնքահենք ծառայությունների ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված չեն, դրանք շարունակում են մնալ հատվածական և չփոխկապակցված:
Հայաստանում ևս հոգեկան առողջության խնդիրներ և աջակցության բարձր կարիք ունեցող անձանց պահանջմունքներին հիմնական արձագանքը եղել է հաստատություններում նրանց բնակության (պահման) և խնամքի կազմակերպումը։ Հոգեկան առողջության ծառայությունները հիմնականում սահմանափակվել են մասնագիտական հոգեբուժական հաստատություններում ստացիոնար բուժման ձևով։ Նման հաստատությունները (հոգեբուժական, խնամքի և այլն), որոնք հաճախ գործում են ռեժիմային մշակույթով, առանձնացնում և սահմանափակում են հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց: Բնակիչները չունեն անձնական տարածք և գաղտնիություն, ապրում են մարդկանց հետ, որոնց իրենք չեն ընտրել։ Կարևոր է նկատել, որ «հաստատություն» եզրը չի սահմանափակվում մեծ կամ փոքր լինելով, այլ բնորոշվում է ռեժիմային մշակույթով։
Ապաինստիտուցիոնալացումը հաստատությունների բնակիչների աստիճանական տեղափոխումն է իրենց համայնքներ՝ վայրեր, որտեղ երաշխավորված են իրենց ազատությունները: Ապաինստիտուցիոնալացումն ուղեկցվում է ծառայությունների զարգացմամբ, որոնք աջակցում են բոլոր մարդկանց՝ համայնքում ներառվելուն և մասնակցությանը, և առաջարկում են ճկուն և անհատականացված աջակցություն, որպեսզի մարդիկ կարողանան ապրել իրենց ուզած կյանքով:
Հայաստանում այս գործընթացը հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց դեպքում, ընդհանուր առմամբ, սկսվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան 2010 թվականին վավերացնելուց հետո։ Հայաստանը, վավերացնելով կոնվենցիան, համաձայնեց ստանձնել պարտավորություններ նաև հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու ուղղությամբ։
Հայաստանում հոգեկան առողջության բնագավառում փոփոխություններն իրականացվել են մի քանի հայեցակարգային փաստաթղթերի միջոցով՝
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների 2013-2017 թթ. ծրագիրը,
- Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության ու ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը,
- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016 թթ. միջոցառումների ծրագիրը,
- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը։
Նշված փաստաթղթերի ընդունումը, սակայն, ապաինստիտուցիոնալացման գործընթացում էական առաջընթաց չի ապահովել։ Ավելին՝ բարեփոխումների ընթացքում հաստատություններ չեն փակվել, հակառակը՝ 2015 թվականին ստեղծվել է «Ձորակ» խնամքի կենտրոնը։
Բարեփոխում նախատեսող ևս մեկ փաստաթուղթ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2021 թ.-ին։ Օրենքի ընդունմամբ ապաինստիտուցիոնալացման առումով սահմանվել է երկու կարևոր ուղղություն։ Առաջինը՝ համայնքներում ծառայությունների մատչելիության ապահովումն է, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Երկրորդ ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների փակումն է, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով։ Օրենքը նաև կարևոր դրույթ է ամրագրում ինստիտուցիոնալացման շղթային վերջ դնելու համար։ Այն արգելում է հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) համար խնամքի այնպիսի հաստատություններ ստեղծելը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացած են կամ զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից։ Արգելքին զուգահեռ՝ կանխարգելման պարտավորություն է սահմանվել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վրա, որոնք պետք է իրականացնեն ծրագրեր և մատուցեն ծառայություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կանխելուն, հաստատությունից համայնք վերադարձին աջակցելուն, համայնքահենք ծառայություններ մատուցելուն։
Այնուամենայնիվ, Հայաստանում ապաինստիտուցիոնալացման գործընթացն ունի մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ ռեսուրսների սահմանափակ լինելը, իրազեկվածության պակասը և խարանը, համակարգված ջանքերի բացակայությունը։
Մինչ օրս տարբեր հետազոտական զեկույցներ և հոդվածներ են հրապարակվել, այդ թվում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից, ապաինստիտուցիոնալացման տարբեր ասպեկտների վերաբերյալ, օրինակ, փոքր խմբային տների համակարգի, հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանության վերաբերյալ։ Ավելի շատ ուսումնասիրված է հատկապես երեխաների ապաինստիտուցիոնալացման գործընթացը, մինչդեռ առկա չէ մեկ համապարփակ հետազոտություն, որը կանդրադառնա հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացին և դրա առանձնահատկություններին, որի վրա կարող է հիմնվել բարեփոխումների նոր փուլը։
Նպատակ և արդյունքներ
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացը և դրա հիման վրա մշակել առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ապաինստիտուցիոնալացման գործընթացի պլանավորմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը։ Մասնավորապես, համագործակցության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տրամադրի հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ հետազոտական զեկույց։ Զեկույցում պետք է ներկայացված լինեն հետևյալ թեմաները՝ հոգեկան առողջության ծառայությունների պատմական համատեքստը, առկա իրավիճակի վերլուծությունը, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացմանը նպաստող գործոնները, հաստատության ներսում մարդու իրավունքների խախտումներին նպաստող հանրային քաղաքականության նորմերը և հասարակական (մշակութային) նորմերը, ինստիտուցիոնալացման բացասական հետևանքները, ինստիտուցիոնալ խնամքի համակարգից համայնքահենք այլընտրանքային ծառայությունների անցման անհրաժեշտությունը և դրա հիմնավորումը, ինստիտուցիոնալ ծառայություններից համայնքային ծառայությունների անցումային գործընթացի նկարագրությունը, ապաինստիտուցիոնալացման ռազմավարության անհրաժեշտությունը, ապաինստիտուցիոնալացման գործընթացի խոչընդոտները և նպաստող գործոնները, իրավական հիմքերը և դրանցով պայմանավորված օրենսդրական և քաղաքականության փոփոխությունները, համայքահենք ծառայությունների խթանումը՝ նախատեսվող ծառայությունների տեսակները և նկարագրությունը, մարդկային, ֆինանսական և նյութական միջոցների բաշխումը, իրազեկվածության բարձրացումը և կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական և համայնքային բյուջեների ու բյուջետավորման գործընթացի ուսումնասիրությունը՝ ապաինստիտուցիոնալացման շրջանակներում։
Հետազոտողը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝
- մշակել հետազոտության ծրագիրը, այդ թվում՝ հետազոտության մեթոդաբանությունը և գործիքները (դիտարկման քարտեր, հարցաթերթեր, հարցազրույց իրականցնելու ուղեցույցներ և այլն),
- հավաքել և վերլուծել հետազոտության համար անհրաժեշտ որակական և քանակական տվյալները, իրականացնել հարցազրույցներ, ուղարկել հարցումներ,
- վերլուծել հավաքած տվյալները և դրանց հիման վրա մշակել հետազոտության նախնական և վերջնական տարբերակները,
- հետազոտության հիման վրա մշակել քաղաքականության փաստաթուղթ և համառոտագիր,
- ներկայացնել հետազոտության արդյունքները շահագրգիռ կողմերին,
- վերջնականցնել հետազոտությունը և քաղաքականության փաստաթուղթը՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերից ստացված դիտարկումները։
Հետազոտության արդյունքում ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- Հետազոտական զեկույց՝ հայերեն լեզվով,
- Զեկույցի համառոտագիր՝ հայերեն և անգլերեն լեզուներով,
- Քաղաքականության փաստաթուղթ (policy paper)՝ հայերեն լեզվով,
- Քաղականության համառոտագիր (policy brief)՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Պահանջվող որակավորում և փորձ
- Բարձրագույն կրթություն (իրավաբանական անձանց դեպքում՝ պատասխանատուների բարձրագույն կրթություն),
- Հետազոտությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (իրավաբանական անձանց դեպքում՝ առնվազն 5 տարվա գործունեության հավաստում),
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հայաստանյան հիմնախնդիրների վերաբերյալ պատկերացում, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածություն,
- Գրական հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Հետազոտության տարբեր բաղադրիչների մասով կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ հետազոտական թիմինը)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Իրականացված հետազոտության առնվազն 2 օրինակ,
- Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական։
Իրավաբանական անձանց խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-RSP-RS1-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 01.04.2024-01.11.2024:
Ընտրված ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի հետազոտության իրականացման մանրամասն ժամանակացույցը։
Մատուցված ծառայության համար վճարումներն իրականացվելու են երեք փոխանցումով՝ հետևյալ տրամաբանությամբ՝
- Հետազոտության նախագծումից, մեթոդաբանության և գործիքների մշակումից և երկրորդական տվյալների հավաքագրումից հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը։
- Հետազոտության նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 20%-ը։
- Հետազոտության վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 50%-ը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։ Ապակենտրոնացման նպատակով կազմակերպության ջանքերն ուղղված են քաղաքականությունների մշակմանը, օրենսդրության բարելավմանը և հետազոտությունների իրականացմանը։ Կազմակերպությունը նաև մշտադիտարկում է խնամքի հաստատություններում և հոգեբուժական կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը։ Կազմակերպությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեբուժական ծառայություններից օգտված կամ օգտվող անձանց, տրամադրում է իրավաբանական օգնություն և սոցիալական դեպքի վարման ծառայություն։
Ծրագրի մասին
Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքների վրա հիմնված մոտեցման ինտեգրմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:
Ծրագրի խնդիրներն են՝
- Մշակել իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության քաղաքականություն և գործիքներ՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
- Իրավունքների վրա հիմնված տեսանկյունից ջատագովել քաղաքականությունների և գործիքների ներդրման և վերանայման ուղղությամբ,
- Վերանայել և կատարելագործել ՀՀ-ում գործող հոգեսոցիալական ծառայությունները,
- Մշակել և փորձարկել հոգեկան առողջության համայնքային նոր ծառայություններ և վաղ նույնականացման մեխանիզմներ ՀՀ-ում,
- Բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։