Կարևորում և զբաղվո՞ւմ եք մատչելիության Ձեր իրավունքների պաշտպանությամբ, ցանկանու՞մ եք բարձրաձայնել Ձեզ հանդիպող անմատչելիության մասին որոշում կայացնողների շրջանում և ոչ միայն, սիրու՞մ եք տեսանյութների հետ աշխատանք, ուրեմն այս մրցույթը Ձեզ համար է։
Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու «Իմ մարտահրավերն անմատչելիությանը» խորագրով տեսանյութերի մրցույթին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ հուլիսի 9-ը ներառյալ ուղարկել մինչև 1 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ մասնակիցը կխոսի անմատչելիության մասին կամ ցույց կտա դրանք յուրահատուկ մատուցմամբ:
Մենք փնտրում ենք տեսանյութեր, որոնք արտացոլում են տարբեր ոլորտներում անմատչելիության հետ կապված Ձեր փորձը, այդ թվում՝
- աշխատանքի,
- սպորտի,
- առողջապահության,
- կրթության,
- ընտանեկան կյանքի,
- մշակույթի,
- քաղաքաշինության,
- տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում և այլն։
Բովանդակությունը պետք է կենտրոնանա Ձեր իրական փորձի վրա:
Հաղթողին սպասվում են խրախուսական մրցանակներ։
Ինչպիսի՞ տեսանյութեր է հնարավոր ներկայացնել
- Տեսանյութերը պետք է լինեն բարձր որակի։
- Տեսանյութի չափսերը պետք է լինեն 1080px x 1920px (ուղղահայաց (reel))։
- Թույլատրվում է խմբագրումը, ֆիլտրերի և էֆֆեկտների օգտագործումը։
- Թույլատրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի ներկայացումը, եթե դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Ձեր հաշմանդամությամբ։
- Տեսանյութի հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն Ձեզ։
- Տեսանյութը չի կարող հրապարակված լինել։
Խրախուսվում է ապահովել տեսանյութերում հնչող խոսքի և ձայների տեքստային տարբերակով ներկայացումը։ Նաև խրախուսում ենք ներկայացնել վիդեոյի տեքստային տարբերակով աուդիոնկարագրությունը։
Ովքե՞ր կարող են դիմել
Հայաստանում ապրող բոլոր տարիքի անձինք, ովքեր ունեն հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամ են։
Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը
Բոլոր տեսանյութերը կստուգվեն՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանեն մրցույթի կանոններին: Տեսանյութերը վերանայվելուց հետո մասնակիցները նամակ կստանան՝ ծանուցելով այն ընդունված կամ մերժված լինելու մասին:
Այն տեսանյութերը, որոնք խտրականություն են պարունակում, որևէ այլ կերպ հակասում են կազմակերպության արժեքներին կամ որոնք բացահայտում են անհարկի անձնական տեղեկություններ, կմերժվեն:
Բոլոր տեսանյութերը կարող են ներառվել առցանց հարթակում և օգտագործվել սոցիալական մեդիայի էջերում։
Ժյուրիի կազմում կլինեն կազմակերպության աշխատակազմից և անդամներից երկու ներկայացուցիչ, ինչպես նաև տեսանյութեր ստեղծող մեկ մասնագետ:
Տեսանյութերը գնահատվելու են հետևյալ չափանիշների հիման վրա.
- Տեսանյութի որակը,
- Նորարարություն,
- Ստեղծագործականություն,
- Համապատասխանություն թեմային։
Ժյուրիի որոշումը վերջնական կլինի և հիմնավորման վերաբերյալ համապատասխան նամակագրություն չի վարվի:
Մասնակցելով մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են այս կանոնների, ներառյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին տեսանյութի օգտագործման իրավունքի ընդունումը:
Ինչպե՞ս դիմել
Խնդրում ենք ուշադիր կարդալ վերևում ներկայացված մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Տեսանյութերը պետք է ուղարկել hasmik@dra.am հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ «Տեսանյութերի մրցույթ»։
Նամակում պետք է նշել նաև անուն, ազգանուն և դիմողի մասին հակիրճ տեղեկություններ, կոնտակտային հեռախոսահամար։