«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու դասընթացավարի ծառայությունների գնային առաջարկ։
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների աշխատակիցների իրազեկվածությունն ու զարգացնել հմտությունները կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերում:
Աշխատանքի ծավալը
Դասընթացավարը պետք է մշակի դասընթացի մոդուլը՝ ներառելով դասընթացի թեմաները, նպատակները, մեթոդները և ակնկալվող արդյունքները: Թեմաները պետք է ներառեն՝ կոռուպցիայի սահմանում և տեսակներ, կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների վրա, կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող օրենսդրություն և կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն մարմիններ, ՀԿ-ների ներգրավվածության հնարավորությունների և օրինակներ, կոռուպցիայի կանխարգելումը ՀԿ-ներում:Դասընթացավարը պետք է պատրաստի և ներկայացնի դասընթացի նյութեր, որոնք կներառեն տեսական և գործնական աշխատանքներ, օրինակներ, դեպքերի ուսումնասիրություն, սցենարային խաղեր կամ այլ ինտերակտիվ վարժություններ: Դասընթացի ընթացքում դասընթացավարը պետք է ապահովի ակտիվ և ներգրավված մասնակցություն, ստեղծի ինտերակտիվ և գործնական միջավայր, որտեղ մասնակիցները կկարողանան կիսվել իրենց փորձով և գիտելիքներով, քննարկել խնդիրները և մշակել լուծումներ: Նա պետք է կազմակերպի քննարկումներ, խմբային վարժություններ՝ ապահովելով, որ յուրաքանչյուր մասնակից ունենա հնարավորություն արտահայտվելու և մասնակցելու:
Դասընթացի ժամկետներ
Դասընթացը նախատեսվում է իրականացնել հուլիսի 13-14 կամ 27-28 ընկած ժամանակահատվածում, երկու օր տևողությամբ։ Դասընթացը տեղի է ունենալու Երևանում:
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ աշխատանքային թիմինը, որը պետո է պարունակի տեղեկություն համանման փորձի վերաբերյալ),
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական:
Իրավաբանական անձանց խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի հուլիսի 5-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-AIP-TAC-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։
Ծրագրի մասին
«Հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ կոռուպցիայի և խտրականության» ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը և պետական կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում: