«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հրավիրում է Հայաստանում գործող լրագրողներին և լրատվամիջոցներին ներկայացնելու առաջարկներ՝ հոգեկան առողջության հիմնահարցերին նվիրված լրագրողական նյութերի պատրաստման և հրապարակման ծառայության մատուցման համար։
Նպատակ և արդյունքներ
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք Հայաստանում շարունակում են բախվել խտրականության, անտեսման և սոցիալական մեկուսացման։ Նրանց ձայնը հաճախ բացակայում է հանրային քննարկումներից և լրատվամիջոցների օրակարգից։ Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնելու իրազեկվածությունը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձառությունների տեսանելիությունը։
Լրագրողը կամ լրատվամիջոցը պետք է պատրաստի և հրապարակի նյութ հետևյալ թեմաներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ՝
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անօթևանության խնդիրը,
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբաղվածության խոչընդոտներն ու հնարավորությունները,
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացումը։
Ընտրված լրագրողը կամ լրատվամիջոցը պետք է․
- Մշակի նախնական պլան և ներկայացնի լրագրողական աշխատանքի կառուցվածքը,
- Կատարի ուսումնասիրություն՝ ներառելով մասնագիտական շրջանակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեսակետները,
- Պատրաստի բարձրորակ նյութ, որը հասանելի կլինի լայն լսարանին և կնպաստի խարանի նվազեցմանը,
- Ապահովի նյութի հրապարակումը լայն լսարան ունեցող հարթակում կամ լրատվամիջոցում,
- Անհրաժեշտության դեպքում վերանայի նախագիծը կազմակերպության դիտարկումների հիման վրա և ներկայացնի վերջնական տարբերակը։
Ակնկալվող արդյունքը՝
- Լայն լսարան ունեցող հարթակում հրապարակված առնվազն մեկ լրագրողական նյութ յուրաքանչյուր ընտրված լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից։
Պահանջվող որակավորում և փորձ
- Անհատ լրագրողների դեպքում՝ լրագրողական գործունեության առնվազն 3 տարվա փորձ,
- Լրատվամիջոցների դեպքում՝ առնվազն 3 տարվա գրանցում,
- Մարդու իրավունքների և սոցիալական թեմաների լուսաբանման փորձառություն,
- Գրական հայերենի գերազանց տիրապետում,
- Հնարավոր նյութի հրապարակման համար առկա հարթակի հասանելիություն։
Կազմակերպությունը խրախուսում է հաշմանդամություն ունեցող լրագրողների մասնակցությունը։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված լրագրողները կամ լրատվամիջոցները պետք է մինչև 2025 թ․ հոկտեմբերի 10-ը (ներառյալ) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն)՝
- Ընտրված թեմայի կամ թեմաների շուրջ աշխատանքի նախնական կառուցվածքը/պլանը,
- Նախկինում հրապարակված աշխատանքների օրինակներ (նախընտրելի է սոցիալական կամ մարդու իրավունքների թեմաներից),
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Ինքնակենսագրական (CV) անհատ լրագրողների համար, իսկ լրատվամիջոցների դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման վկայական և գործունեության մասին տեղեկություններ,
- Առաջարկի մանրամասն նկարագրությունը, որտեղ պետք է նշվի նաև լրացուցիչ մանրամասներ (օրինակ՝ հրապարկման ձևաչափը (լուսանկարներով, տեսանյութ, ձայնային կամ այլ))։
Իրավաբանական անձանց խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2025 թ.-ի հոկտեմբերի 10-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-RSP-2025»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 10.10.2025-31.12.2025:
Մատուցված ծառայության համար վճարումներն իրականացվելու են մեկ կամ երկու փոխանցումով՝ կախված ծառայություն մատուցողի նախընտրությունից։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։ Ապակենտրոնացման նպատակով կազմակերպության ջանքերն ուղղված են քաղաքականությունների մշակմանը, օրենսդրության բարելավմանը և հետազոտությունների իրականացմանը։ Կազմակերպությունը նաև մշտադիտարկում է խնամքի հաստատություններում և հոգեբուժական կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը։ Կազմակերպությունը հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեբուժական ծառայություններից օգտված կամ օգտվող անձանց, տրամադրում է իրավաբանական օգնություն և սոցիալական դեպքի վարման ծառայություն։
Ծրագրի մասին
Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքների վրա հիմնված մոտեցման ինտեգրմանը` ստեղծելով քաղաքականություն և մեխանիզմներ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:
Ծրագրի խնդիրներն են՝
- Մշակել իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության քաղաքականություն և գործիքներ՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
- Իրավունքների վրա հիմնված տեսանկյունից ջատագովել քաղաքականությունների և գործիքների ներդրման և վերանայման ուղղությամբ,
- Վերանայել և կատարելագործել ՀՀ-ում գործող հոգեսոցիալական ծառայությունները,
- Մշակել և փորձարկել հոգեկան առողջության համայնքային նոր ծառայություններ և վաղ նույնականացման մեխանիզմներ ՀՀ-ում,
- Բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։