«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար համապարփակ ուղեցույցի մշակման համար։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Հանրակրթական «Հասարակագիտություն» առարկայի ուսումնառության հայեցակարգը կարևորում է հաշմանդամության հիմնահարցի ուսումնասիրությունը մարդու իրավունքների թեմայի ներքո, սակայն որոշ դասագրքերում թեման շարունակում է կարծրատիպային և խտրական կերպով ներկայացվել։ Խնդիրն առկա է նույնիսկ վերջին շրջանում ստեղծված դասագրքերի դեպքում, որոնք ևս բավարար զգայուն չեեն, չեն խրախուսում այն, ինչ կարող է բերել սովորողների մոտ վարքային փոփոխության։ Ուղեցույցի մշակումը նպատակ ունի աջակցել «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ուսուցումը դարձնելով ավելի իրավունքնահենք և նախագծային ուսուցման մոտեցումներին համահունչ։
Ուղեցույցի մշակողը պետք է՝
- Մշակի հանրակրթական չափորոշչին համապատասխան ուղեցույց, որը կենտրոնանում է հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցման վրա.
- Ուղեցույցում ներառել նախագծային ուսուցման մոդուլներ, որոնք խրախուսում են սովորողներին՝ ներգրավվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեմայով հետազոտություններում և այլ գործնական նախաձեռնություններում.
- Ուղեցույցում նախատեսել նաև դասի պլանի, նախագծային աշխատանքի և թեստերի առաջարկներ, այլ նյութեր, որոնք կարող են աջակցել ուսուցիչներին և աշակերտներին.
- Կազմակերպության դիտարկումների հիման վրա վերանայել ուղեցույցի նախագիծը և ներկայացնել վերջնական տարբերակ։
Որակավորման պահանջները
- Բարձրագույն կրթություն
- Մարդու իրավունքների և կրթության հարցերում աշխատանքային առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ
- Ուսումնական նյութերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման փորձ.
- Հաղորդակցական հմտություններ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝
- Ինքնակենսագրական (CV) (իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանցից բաղկացած խմբերի դեպքում՝ ամբողջ աշխատանքային թիմինը)
- Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի),
- Մշակված ուղեցույցի/ձեռնարկի առնվազն 2 օրինակ,
- Իրավաբանական անձանց դեպքում նաև գործունեության մասին տեղեկություններ, գրանցման վկայական։
Ֆիզիկական անձանց դեպքում խրախուսվում է այլ մասնագետների հետ համատեղ դիմում հայտերի ներկայացումը, ինչը պետք է արտացոլված լինի ինչպես գնային առաջարկում, այնպես էլ մյուս փաստաթղթերում։
Ոչ ամբողջական հայտերի դեպքում հայտատուները կստանան մեկ աշխատանքային օրում այն լրացնելու ծանուցում։ Ժամկետի ավարտից հետո ներկայացված կամ լրացված հայտերը չեն դիտարկվի։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների կողմից առաջարկի ներկայացումը։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2024 թ.-ի սեպտեմբերի 7-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «DRA-GD-2024»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։
Ծառայության մատուցման և վճարման ժամանակացույց
Ծառայության մատուցման ժամանակահատվածն է՝ 15.09.2024-15.10.2024:
Ընտրված ծառայություն մատուցողը պետք է ներկայացնի ուղեցույցի մշակման մանրամասն ժամանակացույցը։
Մատուցված ծառայության համար վճարումներն իրականացվելու են երեք փոխանցումով՝ հետևյալ տրամաբանությամբ՝
- Ուղեցույցի նախագծումից հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը,
- Ուղեցույցի նախնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 30%-ը,
- Ուղեցույցի վերջնական տարբերակը տրամադրելուց հետո՝ Ծառայության համար նախատեսված գումարի 40%-ը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պահել վճարման ամբողջ կամ մի մասը, եթե կատարողականը բավարար չէ, արդյունքները թերի են կամ խախտվել են ժամկետները:
Կազմակերպության մասին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։
Ծրագրի մասին
«Հաշմանդամության մասին պատկերացումների փոխակերպում՝ «Հասարակագիտություն» առարկայի միջոցով» ծրագիրը իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծարգրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցներում հաշմանդամության մասին ուսուցումը բժշկական մոտեցումից փոխակերպել մարդու իրավունքների մոտեցմամբ՝ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծման և սովորողների ներգրավման միջոցով։
Embassy of Sweden in Yerevan, Eurasia Partnership Foundation-Armenia, #Sweden4Armenia