Օրեր առաջ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին։ Դիմումով կազմակերպությունը խնդրել էր քննել shamshyan.com լրատվական կայքի հուլիսի 27-ի՝ «Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը ասում էր, որ փրկել է Թրամփին, ու երկնքից իրեն տեղեկություններ են փոխանցվել Հայաստանը փրկելու համար. ոստիկաններն ու բժիշկները նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» հրապարակման համապատասխանությունը էթիկայի կանոնագրին։ Հրապարակման հղումը չի տեղադրվում դրա՝ մարդու իրավունքների սկզբունքներին հակասելու պատճառով։
Հրապարակումը ենթադրաբար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ոստիկանների և ԱԻՆ-ի աշխատակիցների ուժերով, ֆիզիկական զսպման միջոցների կիրառմամբ հարկադիր հոսպիտալացման մասին էր։ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը համարել է, որ իրադարձության նման լուսաբանումը հանրային շահերի պաշտպանության կամ հանրային հետաքրքրության տեսակետից անհրաժեշտություն չէր։
Դիտորդ մարմինը արձանագրել է, որ տվյալ հրապարակման տեքստի վերջում տեղադրված ծանուցումը («Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով») հուշում է, որ հրապարակման հեղինակը ենթադրաբար առողջական խնդիրներ ունեցող անձին նույնականացնում է հանցագործի հետ, ինչն անընդունելի է։ «Եթե մարդը հիվանդություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունի, անգամ ենթադրաբար նա չի կարող համարվել հանցագործ», - նշված է փորձագիտական կարծիքում։
Ըստ դիտորդ մարմնի՝ «նյութում չկա կոնկրետացում՝ արդյոք անձը վտա՞նգ էր ներկայացնում, արդյոք մեկուսացումն անհրաժեշտությո՞ւն էր, տվյալ անձն ունի՞, թե՞ չունի խնամող, գուցե ահազանգած հարևանն ուզում էր նրանից ազատվե՞լ։ Այս հարցադրումների պատասխաններն անհրաժեշտ էին, որպեսզի հանրությունը հասկանար արարքի վտանգավորության աստիճանը և հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունը։ Այսինքն՝ խախտված է ինֆորմացիայի ամբողջականության սկզբունքը»։
Նյութին կցված լուսանկարներում և տեսանյութում երևում է հարկադիր հոսպիտալացման ենթարկվող անձի դեմքը, որով հնարավոր է նույնականացնել նրան։ «Դա անընդունելի է մարդու անձնական տվյալների պաշտպանության տեսակետից», - ընդգծել է Դիտորդ մարմինը։
«Հատկապես անընդունելի է, որ լրատվամիջոցը հեռարձակում է բժշկի խոսքերը (6։43 – 6։55 րոպեների ընթացքում), որով պնդվում է, թե մարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նոր է դուրս գրվել հոգեկան առողջության կենտրոնից։ Էթիկական տեսակետից, ինչպես նաև անձնական կյանքի ու բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, խմբագրությունը պետք է զերծ մնար նման պնդումը ցուցադրելուց»։
Դիտորդ մարմինը կոչ է արել՝
- Մինչ լուսաբանումը քննարկել նման միջադեպերի հանրային հետաքրքրության աստիճանը։
- Եթե, այդուհանդերձ, որոշում է կայացվում լուսաբանել, հնարավորինս բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը և հնարավորություն են տալիս նույնականացնել անձին։
- Կանխակալ վերաբերմունք չդրսևորել այս և նման իրավիճակում հայտնված անձանց հանդեպ՝ տալով ախտորոշումներ կամ նրանց վարքը նույնացնելով հանցագործության հետ։
Դիտորդ մարմինը չի սահմանափակվել միայն փորձագիտական կարծիքի հրապարակմամբ, այլ նաև դիմել է պետական տարբեր կառույցների՝ հայտնելով մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, դիտորդ մարմինը մտահոգիչ է համարել, որ «արտակարգ դեպքերի մասին տեղեկությունները փոխանցվում են առաջին հերթին shamshyan.com կայքին, բացի այդ՝ տրամադրվում են նաև լուսանկարներ, տեսանյութեր»։ Դիտորդ մարմինը շեշտել է՝ եթե դա քաղաքականություն չէ, այլ իրականացվում է ստորին օղակի աշխատողների նախաձեռնությամբ, ապա պետք է կարգավորել այդ հարցը. «Մենք կարծում ենք, որ նման և այլ դեպքերի մասին մեկ, այն էլ լրագրողական էթիկայի տարրական նորմերին չտիրապետող լրատվամիջոցին տեղեկացնելը մշտապես հղի է մարդկանց անձնական և ընտանեկան կյանքին միջամտելու, ուժային կառույցների հնարավոր ոչ համաչափ գործողությունները կոծկելու վտանգով»։
Դիտորդ մարմինը դիմել է նաև առողջապահական հիմնարկներին և նրանց աշխատատողներին՝ «մարդու առողջության մասին տեղեկություններ տրամադրելուց առաջ հաշվի առնելու բժշկական գաղտնիքն ու մարդու անձնական տվյալները հրապարակելու օրենսդրական պահանջները»։
Փորձագիտական կարծիք Հարցադրումներ պետական մարմիններին
Հ.Գ. Հաշվի առնելով, որ այդ հրապարակումն առերևույթ խախտում էր անձի բժշկական գաղտնիքի իրավունքը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու՝ հրապարակումը քննվե՞լ է դատախազության կողմից, թե՞ ոչ։ Կազմակերպությունը, թեև ստացել է հարցման պատասխանը, սակայն ոչ բոլոր հարցերին են տրվել պատասխաններ (օր.՝ անդրադարձ չի կատարվել բուժաշխատողի կողմից բժշկական գաղտնիքի բացահայտման մասին հարցին)։ Դատախազությունը մինչ հարցումը չէր ուսումնասիրել հրապարակումը։ Տեղեկություն ստանալու հարցումը (հավանաբար դիտարկվելով որպես դիմում) ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն անցկացնելու առաջարկով։ Հարցման ընթացքի մասին տեղեկություններ ստանալուն պես հետգրությունը կթարմացվի։