Հաշմանդամության եվրոպական ֆորումը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» և «Հոգեկան առողջություն Եվրոպա» կազմակերպությունները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի սահմանին այս պահին ծավալվող իրադարձություններին։ Հայաստանից մեր անդամը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ծանր հրետանու կողմից գնդակոծվել են սահմանամերձ Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև համայնքների ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ավելի քան 2570 մարդ տեղահանվել է իրենց տներից, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Ագրեսիայի հետևանքով երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Հաշմանդամություն ունեցող անձինք անհամաչափ ազդեցություն են կրում հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի հետևանքով: Իրավիճակը կարող է հատկապես վտանգավոր լինել ինստիտուցիոնալ խնամք ստացող մարդկանց համար. Վարդենիսում է գտնվում Հայաստանի ամենամեծ նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որտեղ ապրում են մտավոր և (կամ) հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող 450 անձինք։ Մեզ շատ են մտահոգում նաև այս հաստատությունում ծանր կենսապայմանների մասին հաղորդագրությունները, որտեղ որոշ բնակիչներ մեկուսացված են և զրկված են իրենց գործունակությունից։
2019 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 2475 (2019) բանաձևը։ Այս բանաձևը, համաձայն ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի 11-րդ հոդվածի, կոչ է անում զինված հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց կոնֆլիկտային իրավիճակներում և ապահովել արդարադատության հավասար մատչելիությունը, հիմնական ծառայությունների և մարդասիրական օգնության տրամադրումը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր լարվածության և անկայունության այս զգայուն պահին մենք ևս մեկ անգամ դատապարտում ենք քաղաքացիական անձանց, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիրախավորումը։
Մենք կոչ ենք անում երկու երկրներին, ինչպես նաև միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու բոլոր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և կանխելու էսկալացիան, որը կհանգեցնի Եվրոպայում հերթական հումանիտար աղետի։
Հայաստանի կառավարությանը հորդորում ենք՝
ա) սերտորեն խորհրդակցել և ակտիվորեն ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպություններին արտակարգ իրավիճակների հետ կապված օրենսդրության և քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի, ինչպես նաև օգնության բաշխման առաջնահերթությունների սահմանման մեջ՝ համաձայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի.
բ) արագացնել հաստատությունները փակելու ջանքերը և առաջնահերթություն տալ հաշմանդամություն ունեցող չափահասների և երեխաների համար համայնքներում անհատականացված աջակցության ստեղծմանը և հիմնական ծառայությունների ներառականության զարգացմանը՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի և նոր ընդունված ապաինստիտուցիոնալացման, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում ապաինստիտուցիոնալացման մասին ուղեցույցի (CRPD/C/27/3)։
Հայտարարության պաշտոնական տեքստը