hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Դիրքորոշում անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխության վերաբերյալ

Դիրքորոշում անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխության վերաբերյալ

Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ 10 տարվա փոխարեն դարձնելով 2 տարի։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով առաջարկվող փոփոխությունն առաջին հայացքից չեզոք է, սակայն անհամաչափ բացասական ազդեցություն է ունենալու հաշմանդամություն ունեցող քաղաքացիների վրա։ 

Նախագիծը մշակելիս Ոստիկանությունը հաշվի չի առել անձնագիր ստանալիս կամ փոխանակելիս հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին (այդ թվում՝ հոգեբանասոցիալական և մտավոր հաշմանդամություն, տեսողության, լսողության և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք և այն անձինք, որոնք ունեն բարձր մակարդակի աջակցության կարիք) հաճախ հանդիպող ընթացակարգային և միջավայրային բոլոր արգելքները, այդ արգելքները շրջանցելու համար առաջարկվող հնարավորությունների կիրառելիությունը, այդ թվում՝ վիճակագրությունը և սոցիալական համատեքստը։ 

Հաշվի չեն առնվել նաև իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները. նկարագրված չեն այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է նախագիծը, առկա չէ միջազգային փորձի ուսումնասիրությունը և ընտրության հիմնավորումը, կարգավորման հնարավոր այլընտրանքային մոտեցումները։ Վերջիններիս բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ հասկանալ նախագծի նպատակը, նպատակին այլ միջոցներով հասնելու անհնարինության դեպքում առաջարկել այս կարգավորումից ենթադրվող հետևանքները մեղմացնելու և փոխհատուցելու տարբերակներ։ 

Նախագծի հիմնավորումներում նաև առկա չեն տեղեկություններ, թե ինչ գործողություններ է ձեռնարկել նախագիծը մշակողը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նկատմամբ կիրառվելիք միջոցի համաչափությունը գնահատելու, անուղղակի խտրականությունը բացառելու համար։ 

Նախագիծը մշակելիս անտեսվել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հավասարության և անխտրականության մասին ընդհանուր մեկնաբանություն 6-ը (CRPD/C/GC/6) և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1)։ Մասնավորապես, եզրափակիչ դիտարկումներով Կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել կառուցվածքային խոչընդոտների վերաբերյալ, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող անձանց անձնագիր և նույնականացման քարտ ձեռք բերել մյուսների հետ հավասար հիմունքներով: Կոմիտեն առաջարկել էր Հայաստանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձինք ձեռք բերեն անձնագրեր և նույնականացման քարտեր մյուսների հետ հավասար հիմունքներով, այդ թվում՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ՝ մատչելի դարձնելու հանրային գրասենյակները և անձնագրերի տրամադրման ընթացակարգերը»։ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունն առաջարկել է նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ այն հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ (Հավասարությունը և անխտարականությունը) և 18-րդ հոդվածներին (Տեղաշարժվելու ազատությունը և քաղաքացիությունը)։

18.10.2021

Հոդված 18, Article 18

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են