ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացնում է «Կորոնավիրուսային վարակը (COVID-19) և հոգեբուժական հաստատությունները» զեկույցը։
Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը ձևավորվել է 2017 թ․ առողջապահության նախարարի հրամանով։
Խմբում ներգրավված են անդամներ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հանուն հավասար իրավունքների», «Կանանց իրավունքների տուն», «Փինք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն», «Կանանց ներուժի զարգացման կենտրոն», «Մարդու իրավունքների տուն Երևան», «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպություններից։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ զեկույցը ներկայացվել է Նախարարություն՝ մեկնաբանություն ստանալու, սակայն Նախարարությունը սահմանված ժամկետում չի արձագանքել զեկույցին։ Զեկույցը հրապարակվում է առանց մեկնաբանությունների։
Հակիրճ նկարագրություն
Զեկույցն ամփոփում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում և Սևանի հոգեկան առողջության կենտրոնում COVID-19 համավարակի և արտակարգ դրության պայմանների՝ բուժում և խնամք ստացող անձանց և անձնակազմի վրա ազդեցության գնահատականը։ Զեկույցն անդրադառնում է համավարակին արձագանքելու՝ հաստատությունների պատրաստվածության մակարդակին, պաշտպանության անհատական միջոցների հագեցվածությանը, սննդի կազմակերպմանը և արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը։
Դիտարկումներն ընդհանուր առմամբ փաստում են, որ հաստատությունները համավարակից որոշ ժամանակ անց կարողացել են միջոցառումներ իրականացնել համավարակի կանխարգելման ուղղությամբ և հարմարվել ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ հնարավոր է եղել կանխել վարակի անկառավարելի աստիճանի տարածումն ամբողջ հաստատությամբ՝ չնայած անձնակազմի և բուժում ու խնամք ստացող անձանց շրջանում վարակի դեպքերին։ Մշտադիտարկման արդյունքները, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ հաստատությունները ոչ ընթացակարգային և ոչ էլ հագեցվածության առումով պատրաստ չէին գործելու նման արտակարգ իրավիճակում։ Արձանագրվել է, որ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացրել անձնակազմի վրա` բացասաբար անդրադառնալով աշխատանքային իրավունքի վրա, ինչպես նաև առավել ակնհայտ դարձրել ռեսուրսների սղությունը և փակ հաստատություններում գտնվող անձանց խոցելիությունն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
Դիտարկումները վկայում են, որ հաստատություններում արտակարգ իրավիճակում էլ ավելի խնդրահարույց է բուժում և խնամք ստացող անձանց պատշաճ կենսապայմաններով ապահովելը, այդ թվում՝ սննդով, հիգիենայի անհրաժեշտ պայմաններով և պարագաներով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակմամբ։ Այսինքն՝ բուժում և խնամք ստացող անձինք զրկվել են հարազատներից սնունդ, հագուստ և անձնական հիգիենայի պարագաներ ստանալու հնարավորությունից, իսկ հաստատությունները չեն կարողացել պատշաճ ծավալով ապահովել դրանք։
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
-
նոր ընդունվող, հնարավոր վարակակիր և վարակակիր անձանց մեկուսացնելու ոչ բավարար պայմաններ կամ դրանց բացակայություն,
-
վարակի տարածումը կանխարգելելու ընթացակարգերի ոչ լիարժեք պահպանում,
-
վարակի կանխարգելման համար անհրաժեշտ հագեցվածության ոչ բավարար մակարդակ,
-
արտաքին աշխարհի հետ կապի ապահովման այլընտրանքային հստակ գործող ընթացակարգերի բացակայություն կամ ոչ պատշաճ իրականացում, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների բացակայություն կամ ոչ բավարար քանակ,
-
մասնագիտական ներուժի ոչ բավարար մակարդակ։