Հաշմանդամության նմանակումները (սիմուլյացիաները) վարժություններ են, որոնց ժամանակ հաշմանդամություն չունեցող մասնակիցները ժամանակ են անցկացնում, օրինակ, սայլակով տեղաշարժվելով, աչքերը կապած, ձայնը նվազեցնող ականջակալներով կամ այլ կերպ՝ փորձելով զգալ այն խոչընդոտները, որոնց կարող են բախվել հաշմանդամություն ունեցող անձինք իրենց առօրյայում:
Դրանք հաճախ կիրառվում են տարբեր դասընթացների, խաղերի, մատչելիության մշտադիտարկումների ժամանակ կամ ժամանցային նպատակներով։
Թեև հաշմանդամության սիմուլյացիաները կարող են հետաքրքիր միջոց համարվել հաշմանդամության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, դրանք կարող են ունենալ բացասական հետևանքներ:
Նմանակման փորձերը հաշմանդամություն չունեցող անձանց շրջանում կարող են ներշնչել վստահություն, որ իրենք ընդհանուր առմամբ պատկերացնում են հաշմանդամությամբ պայմանավորված խոչընդոտները։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն՝ գտնում ենք, որ հաշմանդամության նմանակումը կամ սայլակների կամ այլ աջակցող սարքերի օգտագործումը հաշմանդամությամբ ապրելու փորձը նմանակելու համար քննադատության է արժանի մի շարք պատճառներով։ Ստորև կթվենք դրանցից մի քանիսը՝
Անճշտությունը
Հաշմանդամության նմականումները հաճախ տալիս են հաշմանդամության վերաբերյալ ոչ իրական պատկերացում: Դրանք չեն կարող լիովին կրկնել ֆիզիկական, զգայական և սոցիալական խոչընդոտները, որոնց առօրյա կյանքում հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձինք: Սիմուլյացիաները ճշգրիտ չեն փոխանցում այս կամ այն խմբի հաշմանդամություն ունեցող անձի կենսափորձը: Դրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե ինչպես են մարդիկ ժամանակի ընթացքում սովորում հարմարվել, գտնել խոչընդոտները հաղթահարելու սեփական ձևերը, զարգացնել հմտություններ, որոնք խիստ անհատական են:
Անճշտության հանգամանքը կարող է խորացնել հաշմանդամություն չունեցող անձանց՝ հաշմանդամության և առանձին աջակցող սարքերի մասին կարծրատիպերը և թյուրըմբռնումները:
Պարզունակեցումը
Հաշմանդամությունը բարդ երևույթ է։ Այն չի բացատրվում զուտ անձի առողջական այս կամ այն վիճակով, սարքավորումներ օգտագործելով:
Հաշմանդամությունը սահմանվում է որպես առողջական վիճակի, միջավայրային խոչընդոտների և վերաբերմունքի փոխազդեցություն (համակցություն), որը հատկապես ժամանակի ընթացքում պատճառ է դառնում խտրականության և խարանի:
Հաշմանդամության նմականումները հաճախ պարզունակեցնում են հաշմանդամության փորձը՝ այն ներկայացնելով միայն մեկ գործոնի կամ մարտահրավերի սահմաններում: Հակառակ նման մատուցումներին՝ հաշմանդամությունը բարդ և բազմակողմանի երևույթ է, կարող է ներառել մի շարք ֆիզիկական, ճանաչողական և սոցիալական գործոններ:
Ընդհանրացումը
Առողջական տարբեր վիճակների նմանակումը ընդհանրականացնում է դրանք։ Օրինակ՝ տեսնող մարդկանց մեծամասնությունը կուրությունն ընկալում է որպես լիակատար մթություն։ Սա հեռու է ճշգրիտ լինելուց: Կուրությունն ունի սպեկտորային բնույթ և հազվադեպ է բացարձակ։
Նույնը ընդհանրականացումը տարածվում է տեղաշարժման համար նախատեսված աջակցող սարքերից օգտվողների նկատմամբ։ Օրինակ՝ սայլակով առաջադրանքները (այդ թվում՝ սպորտային խաղերը) հաշմանդամություն չունեցող անձանց մոտ կարող են տարբեր բացասական ընկալումներ ձևավորել սայլակի վերաբերյալ, քանի որ այն կարող է որոշակի առումով սահմանափակող համարվել, մինչդեռ առօրյայում սայլակ օգտագործող անձանց համար այն ազատություն ընձեռող միջոց է, ոչ հակառակը։
Ժամանակավոր բնույթը
Հաշմանդամության սիմուլյացիաները հաճախ կարճաժամկետ են և չեն արտացոլում այն երկարաժամկետ ազդեցությունը, որը կարող է ունենալ հաշմանդամությունը անհատի կյանքում: Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտներ ամեն օր՝ տարիներ շարունակ և նույնիսկ իրենց ամբողջ կյանքում:
Հաշմանդամության նմանակումները կարող են հաշմանդամություն չունեցող անձանց տալ վստահություն, որ նրանք գիտեն այս կամ այն փորձառությունը, այդ սահմանափակ ժամանակում հաստատուն կարծիք ունենալով մեր իրավունքների, խնդիրների և լուծումների վերաբերյալ: Մինչդեռ մենք համարում ենք, որ հաշմանդամության նմանակման արդյունքում ստեղծված գիտելիքը կարող է վտանգավոր լինել, հատկապես, երբ այն չի ուղեկցվում նմանակումների սահմանափակումների, հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը հարգելու մասին խոսակցությամբ։
Ակադեմիական հետազոտության համաձայն՝ կուրության սիմուլյացիան ավելի հավանական է, որ կարճաժամկետ կարեկցանք կառաջացնի կույր մարդկանց նկատմամբ, քան վերաբերմունքի երկարաժամկետ փոփոխություն կբերի:
Զգայունության բացակայությունը
Հաշմանդամության նմանակումները կարող են դիտվել որպես անզգայուն կամ նույնիսկ վիրավորական հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ովքեր կարող են զգալ, որ իրենց փորձառությունները պարզունակ են դարձվել։
Հակասական զգացողությունները կարող են առաջանալ հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամության նմանակումները ծառայեցվում են բիզնես նպատակներով։ Այս հանգամանքն էլ իր հերթին կարող է բարեվարքության հարցեր առաջացնել, հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամության նմակման արդյունքում առաջացող շահույթը չի ուղղվում հաշմանդամություն ունեցող այդ խմբի անձանց խնդիրների լուծմանը, այլ պարզապես եկամտաստեղծ հերթական գործունեությունն է։
Նմանակման նախագծերը խիստ բացասական են ընկալվում, երբ դրանք հաշմանդամության փորձառությունը որպես նորության, էքստրիմ զգացողության կամ զվարճանքի ձև են դարձնում կամ ապրանքայնացնում:
Թեև նմանակումների նպատակը ներառականությունը խթանելն է, առավել տարածված է ֆիզիկական հաշմանդամության նմանակումը, ինչի հետևանքով մտավոր, հոգեսոցիալական և այլ հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունները կարող են անտեսվել։ Նմանակումները խորացնում են առկա խտրական մոտեցումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են հաշմանդամության հիերարխիային, դասակարգմանը, վճռելուն, թե ո՞վ է ավելի լավ կամ վատ իրավիճակում։
Ամփոփելով՝ պետք է նկատել, որ հաշմանդամություն ունեցող անձինք միատարր խումբ չեն։ Մենք բազմազան ենք, և նույնիսկ երբ ունենք նույն առողջական վիճակը, դա չի նշանակում, որ դա նույն կերպ է ազդում մեզ վրա կամ որ մենք նույնիսկ ունենք նույն կարիքները: Կարող են լինել նմանություններ, հատման կետեր, սակայն սիմուլյացիան չի օգնում հասկանալու հաշմանդամությամբ ապրելու մեր փորձը։
Հաշմանդամությունը որպես երևույթ կապված է անձի կենսափորձի հետ, ուստի դրա վերաբերյալ պատկերացում հնարավոր է կազմել միայն ու միայն հաշմանդամություն ունեցող անձանց լսելով։ Այսպես է նաև այլ կենսափորձերի պարագայում, օրինակ՝ հղիության, ծերացման և այլն։ Նույնիսկ եթե դիտարկենք այն հանգամանքը, որ սիմուլյացիայի միջոցով հնարավոր է սահմանափակ միջավայրում և ժամանակում որոշակիորեն հասկանալ հաշմանդամությունը, այն ոչ մի կերպ չի կարող հնարավորություն ընձեռել հասկանալու, թե ինչպես է հաշմանդամությունն ազդում անհատի կյանքի և իրավունքների վրա։ Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն բազմաթիվ ինքնություններ և հաշմանդամությունը դրանցից միայն մեկն է։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն անընդունելի է համարում հաշմանդամության նմանակման գործելակերպերը։
Փոխարենը մենք խրախուսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց հետ ուղղակի (չմիջնորդավորված) համագործակցությունը, որը դրականորեն կնպաստի մեր փորձը լսելուն, կխրախուսի հաշմանդամության մասին անկաշկանդ երկխոսությանը, կհարգի հաշմանդամության մեր փորձառությունը, կարծիքն ու պատկերացումները։ Այս ամենը վաղուց իր իրավաքաղաքական ձևակերպումն է գտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում։