Զանգվածային լրատվամիջոցները վճռորոշ դեր են խաղում հոգեկան առողջության նկատմամբ հանրային ընկալումների և վերաբերմունքի ձևավորման գործում։ Պատասխանատու լուսաբանումը կարող է նպաստել խարանի վերացմանը, իրազեկվածության բարձրացմանը և հոգեկան առողջության տարբեր վիճակների վերաբերյալ հանրային ըմբռնմանը։
Այնուամենայնիվ, այս դրական ներուժը հաճախ մոռացվում է, երբ խոսքը վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (ենթադրյալ կամ իրական համարվող) անձանց առնչվող քրեական գործերի մասին հաղորդումներին։
Լրատվամիջոցները հաճախ դիմում են սենսացիոնիզմի և շահարկումների, հատկապես երբ առկա են հավաստի կամ նույնիսկ չճշտված տեղեկություններ ենթադրյալ մեղադրյալի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու, հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու մասին։
Սա ոչ միայն ամրապնդում է վնասակար կարծրատիպերը, այլև նպաստում է խարանմանը, ինչը հանգեցնում է անձանց նկատմամբ խտրականության աճին և նույնիսկ ցանկության դեպքում օգնություն փնտրելու դժվարությանը։ Այս խնդիրը բազմաշերտ է և ներառում է ոչ միայն հոգեկան առողջության պատկերի հիմնախնդիրը լրատվամիջոցներում, այլև հոգեկան առողջության և հանցավորության նկատմամբ հասարակության ավելի լայն վերաբերմունքը։
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն, որը ներկայացնում է նաև հոգեբուժական ծառայություններից օգտվողների/օգտվածների շահերը՝ մենք գիտակցում ենք զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության դերը։ Այս դիրքորոշման փաստաթուղթը ուրվագծում է էթիկական լրագրության հարցերում մեր մտահոգություններն ու առաջարկությունները, երբ լուսաբանվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ կապված հանցագործություններ։ Հաճախ հանդիպող մտահոգություններից են՝
Վարքագծի վերագրում հոգեկան առողջությանը
Լուսաբանումների հիմնական խնդիրներից է՝ որոշակի վարքագիծ, հատկապես բռնի կամ հանցավոր, անհատի հոգեկան առողջության վիճակին ուղղակիորեն վերագրելու միտումը։ Սա կարող է ամրապնդել այն թյուր կարծիքը, որ հոգեկան առողջության այս կամ այն վիճակն ի սկզբանե կապված է վտանգավոր վարքագծի հետ, ինչը չի հաստատվում ապացույցներով։ Հոգեկան առողջության տարբեր վիճակներ ունեցող մարդկանց մեծամասնությունը բռնարար չէ, և նման ընդհանրական վերագրումները կարող են անարդարացիորեն խարանել։
Սենսացիոնիզմ և խարան
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, որոնք քրեական գործերում ներգրավված անձանց հոգեկան առողջության վիճակը ներկայացնում են բուռն տպավորություն` սենսացիա առաջացնելու համար, կարող են էապես նպաստել հոգեկան առողջության խարանմանը։ Օրինակ՝ հրապարակումները կամ դրանց վերնագրերը, որոնք բռնություն գործադրած անձին պիտակավորում են որպես «հոգեկան հիվանդ» կամ «հաշվառված», ամրապնդում են բացասական կարծրատիպերը՝ հանգեցնելով խտրականության աճի։ Այս սենսացիոնիզմը ոչ միայն ամրապնդում է վախն ու թյուրըմբռնումը հոգեկան առողջության վերաբերյալ, այլև ետ է պահում անհատներին անհրաժեշտության դեպքում առողջապահական ծառայություններից օգտվելուց՝ նման պիտակավորման վախի պատճառով։
Գաղտնիության խախտումներ
Անձի հոգեկան առողջության վիճակի բացահայտումն առանց համաձայնության հանդիսանում է անձնական կյանքի սկզբունքի գաղտնիության լուրջ խախտում և կարող է վնասակար ազդեցություն ունենալ անձի արժանապատվության և բարեկեցության վրա։ Օրինակ՝ երբ լրատվամիջոցը բացահայտում է հանցագործության մեջ ներգրավված անձանց հոգեբուժական ծառայություններից օգտված լինելու հանգամանքն առանց նրա համաձայնության, այն ոչ միայն խախտում է նրա գաղտնիության իրավունքն, այլև կարող է բացասական ազդեցություն ունենալ անձի հետագա հնարավորությունների և հարաբերությունների վրա։
Անձի առողջության վերաբերյալ գաղտնիքի բացահայտումն այլ անձանց կողմից անընդունելի է։ Դա նաև պատժելի է օրենսդրությամբ, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու կամ ծառայություններից օգտվելու («հաշվառված լինելու») հանգամանքը որևէ կերպ բացահայտվել է բժշկի կողմից։ Այս առումով առաջարկում ենք ընթերցել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը shamshyan.com լրատվական կայքի 2021թ. հուլիսի 27-ի՝ «Արտակարգ դեպք Երեւանում. տղամարդն ասում էր, որ փրկել է Թրամփին, ու երկնքից իրեն տեղեկություններ են փոխանցվել Հայաստանը փրկելու համար. ոստիկաններն ու բժիշկները նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» հրապարակման կապակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի դիմումի վերաբերյալ։
Ընթերցել Դիտորդ մարմնի կարծիքը
Պարզունակեցում և անճշտություններ
Հենվելով անհատի հոգեկան առողջության վիճակի մասին տարբեր հաստատություններից ստացված ասեկոսեների, ստուգված կամ չստուգված տեղեկության վրա՝ լուսաբանումը կարող է հանգեցնել ոչ ճշգրիտ և ապակողմնորոշող եզրակացությունների։ Հատկապես արտակարգ իրավիճակներում լրատվամիջոցները երբեմն ենթադրություններ են անում ներգրավված անձանց հոգեկան առողջության հիմքով՝ չունենալով բավարար տվյալներ դեպքի մյուս հանգամանքների վերաբերյալ։ Օրինակ՝ տեղի ունեցած պայթյուն, որը կարող էր առաջանալ բազմաթիվ պատճառներով, որոնք վիճակագրորեն կարող են առավել հավանական թվալ և չունենալ որևէ առնչություն անձի առողջական վիճակի հետ։ Սակայն պայթյունից տուժածների թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մասին տեղեկության ի հայտ գալը հիմնականում փոխում է ամբողջ խոսակցությունը՝ առաջ բերելով կանխակալությունների վրա հիմնված մեր համոզմունքները։
Լուսաբանումները հաճախ պարզունակեցնում են բարդ խնդիրները՝ դարձնելով հեշտությամբ մարսվող պատմություններ, որոնք կարող են ապակողմնորոշող և նույնիսկ վնասակար լինել։ Օրինակ՝ բռնության ակտը վերագրելը բացառապես անհատի հոգեկան առողջության վիճակին՝ առանց հաշվի առնելու այլ նպաստող գործոններ, ինչպիսիք են սոցիալական կամ միջավայրի ազդեցությունները, չափազանց պարզեցնում է խնդիրը։ Այս մոտեցումը հակասում է սոցիալական տարբեր երևույթների բազմաշերտ, բազմակողմանի լինելու իրողությանը և կարող է հանգեցնել հոգեկան առողջության այս կամ այն վիճակի և վարքագծի վրա դրանց ազդեցության մասին հասարակության խեղաթյուրված ըմբռնմանը։ Պարզունակեցումը նաև ամրապնդում է այն գաղափարը, որ հոգեկան առողջության վիճակները հեշտությամբ ճանաչելի են և ենթադրում են հստակ վարքագծեր։
Հոգեբուժական ծառայությունների խարանումը
ԶԼՄ-ների լուսաբանումը հաճախ չափազանց պարզեցնում են նաև առողջական խնդիրները՝ դրանք ներկայացնելով որպես պարզ և հեշտությամբ «լուծվող» դեղորայքի կամ թերապիայի միջոցով։ Սա առաջացնում է անիրատեսական ակնկալիքներ բուժօգնության, դրա արագության և դյուրինության վերաբերյալ՝ պոտենցիալ հուսահատեցնելով նրանց, ովքեր անմիջական բարելավում չեն նկատում։
Հոգեբուժական ծառայությունների մասին լուսաբանվող պատկերացումները երբեմն կարող են բացասական լինել՝ այն ներկայացնելով բացառապես անձի կամքին հակառակ կամ անարդյունավետ։ Սա կարող է նպաստել հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու խարանին և չխրախուսել անհատներին օգտվել իրենց անհրաժեշտ աջակցությունից։
Լրագրողները և հասարակությունը երբեմն կարող են ակնկալել, որ հոգեկան առողջության ծառայությունները կկարողանան կանխատեսել և կանխել բոլոր հնարավոր հանցագործությունները, որոնք կատարվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից։ Այնուամենայնիվ, բռնի վարքագծի կանխատեսումը բարդ է և միշտ չէ, որ հնարավոր է, նույնիսկ հոգեկան առողջության համապարփակ աջակցության պայմաններում, այնպես՝ ինչպես հոգեկան առողջության խնդիրներ չունեցող անձանց դեպքում։
Հանցագործությունների լուրերից հետո հաճախ նկատվում է նաև անձի կամքին հակառակ հոսպիտալացման և բուժման՝ որպես լուծում առաջմղման միտում՝ առանց ամբողջությամբ ուսումնասիրելու կամ քննարկելու նման միջոցների արդյունավետությունն ու էթիկական հետևանքները։
Կենտրոնանալով անձի կամքին հակառակ հոսպիտալացման (մեկուսացման) վրա՝ լրատվամիջոցների լուսաբանումը կարող է անտեսել հոգեկան առողջության այլ ծառայությունների կարևորությունը, ինչպիսիք են համայնքային աջակցությունը, խորհրդատվությունը և կամավոր բուժման տարբերակները, որոնք հարգում են անհատի ինքնավարությունը և նպաստում վերականգնմանը։
Այս տեսակի լուսաբանումը կարող է նպաստել հոգեկան առողջության ծառայությունների խարանմանը, դրանք միանշանակորեն ներկայացնելով որպես պատժիչ (չժխտելով, որ այն դեռևս նաև այդպիսին է), այլ ոչ թե օժանդակող, և կարող է հետ պահել անհատներին կամավոր դիմելուց։
Համատեքստի բացակայություն
Հոգեկան առողջության տարբեր վիճակների և դրանց բազմաշերտ լինելու վերաբերյալ համատեքստ չտրամադրելը կարող է թյուրընկալումներ և վախ առաջացնել։ Օրինակ՝ երբ հրապարակման մեջ չի նշվում, որ տվյալ դրսևորումները կարող են չհանդիպել նույն վիճակն ունեցող այլ անձանց մոտ։ Համատեքստի այս բացակայությունը նաև հանգեցրել է նրան, որ հասարակությունը հոգեկան առողջության կոնկրետ վիճակներ ասոցացնում է հանցավոր վարքի հետ՝ հետագայում խարանելով տուժածներին։
Հաճախ անտեսվում է նաև բազմաթիվ հետազոտություններով հիմնավորված այն փաստը, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ավելի հաճախ հանցագործության զոհ են դառնում, քան հակառակը։
Տարբեր փորձառությունների ներկայացման բացակայություն
Լրատվամիջոցները հաճախ ներկայացնում են հոգեկան առողջության հետ կապված փորձառությունների սահմանափակ շրջանակ՝ հաճախ կենտրոնանալով «ծայրահեղ» ընկալվող դեպքերի կամ սենսացիոն պատմությունների վրա։ Սա կարող է հանգեցնել հոգեկան առողջության մասին հասարակության նեղ ըմբռնմանը՝ անտեսելով փորձառությունների բազմազանությունը և այն փաստը, որ հոգեկան առողջության համանման խնդիրներ ունեցող բազմաթիվ անհատներ լիարժեք կյանք են վարում և ներգրավված են հասարակական կյանքին։
Հաշմանդամության բժշկական մոտեցում
Այս մոտեցումը հաշմանդամությունը, այդ թվում՝ հոգեսոցիալական հաշմանդամությունը, դիտում է հիմնականում որպես անհատի խնդիր, որն առաջացել է հիվանդության, տրավմայի կամ այլ առողջական վիճակի հետևանքով, որոնք պահանջում են բուժում կամ միջամտություն։ Մեր համատեքստում այս մոտեցմամբ հասարակությունը հաճախ կենտրոնանում է հոգեկան առողջության վիճակները որպես հիվանդություններ ախտորոշելու և բուժելու վրա՝ շեշտը դնելով դեղորայքի և այլ կլինիկական միջամտությունների վրա։
Մենք գտնում ենք, որ այն անտեսում է սոցիալական և միջավայրային գործոնները, որոնք ազդում են անձի կյանքի որակի վրա։ Հաշմանդամությունը, այդ թվում՝ հոգեսոցիալական հաշմանդամությունը, ձևավորվում է հասարակության վերաբերմունքի, խոչընդոտների և մատչելիության բացակայության պատճառով։
Լուսաբանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ այն քննադատությունները, որոնք առկա են հոգեբուժության և առնչվող տարբեր պրակտիկաների շուրջ։ Օրինակ՝ մարդկային բնական փորձառությունների պաթոլոգիզացիան։
Լուսաբանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հոգեկան առողջության ամոքման (վերականգնման) մոդելը, որը կենտրոնանում է անհատի ամբողջական բարեկեցության, անձնական նպատակների և հզորացման վրա։ Այս մոտեցումներն առաջնահերթ են համարում անձի ապրած փորձը, ինքնորոշումը և սոցիալական աջակցության և համայնքում ներառման դերը հոգեկան առողջության հարցում։
Ամփոփելով՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին հաշվի առնել էթիկական լուսաբանման կարևորությունը և մարդու իրավունքների մոտեցումները, երբ լուսաբանում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (ենթադրյալ կամ իրական համարվող) անձանց առնչվող հանցագործություններ։ Այդ կերպ հնարավոր է նպաստել ավելի իրազեկ և ապրումակցող հասարակություն ունենալու նպատակին, որը հարգում է բոլոր անհատների իրավունքներն ու արժանապատվությունը, ներառյալ նրանց, ովքեր նույնականանում են որպես հոգեկան առողջության խնդիրներ կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք, հոգեբուժական ծառայություններից օգտվողներ կամ օգտվածներ, նեյրոբազմազան մարդիկ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն անընդունելի է համարում մարդու իրավունքների սկզբունքներին հակասող, այդ թվում՝ գաղտնիությունը խախտող լուսաբանումները և պատրաստակամ է աջակցել բոլոր նրանց, ում իրավունքները խախտվել են այդ լուսաբանումներով։
Մենք նաև ընդգծում ենք պետության պարտավորությունը հոգեկան առողջության վերաբերյալ պատասխանատու և էթիկական լուսաբանման խթանման հարցում: Կառավարությունը պարտավոր է աջակցել լրատվամիջոցներին՝ տրամադրելով ուղեցույցներ, ստեղծելով կարողությունների զարգացման և մասնագիտական շրջանակների հետ շարունակական համագործակցության հնարավորություններ։ Պետության պարտավորությունն է նաև պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց, երբ խախտվել է նրանց անձնական կյանքի և առողջության վերաբերյալ տվյալների գաղտնիության իրավունքը: Այս պարտավորություններն ամրագրված են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հոդված 22-ը (Անձնական կյանքի նկատմամբ հարգանքը)։
Հետգրություն. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ընդունում է, որ հոգեկան առողջության և զանգվածային լրատվամիջոցների էթիկայի ոլորտը բարդ է և շարունակաբար զարգանում է։ Այս առաջարկությունները պրակտիկայում կիրառելիս մենք խրախուսվում ենք հենվել սեփական հայեցողության, մասնագիտական դատողության և մարդու իրավունքների սկզբունքների վրա, որոնք ամրագրված են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում։
Մենք ընդունում ենք մարդկային վարքի և ճանաչողության բնական փոփոխությունները (վարիացիաները) որպես խանգարումներ բժշկականացնելու և դասակարգելու միտումի վերաբերյալ քննադատությունները, ինչը կարող է հանգեցնել նեյրոբազմազան կամ տարբեր հոգեբանական գծեր ցուցաբերող անհատների խարանմանը և մարգինալացմանը։ Այս քննադատությունների լույսի ներքո մենք, որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն, պաշտպանում ենք անհատների՝ իրենց ինքնությունն առանց անարդարացիորեն պիտակավորվելու կամ խարանվելու արտահայտելու իրավունքը։
Այս դիրքորոշման փաստաթղթում արտահայտված տեսակետները պատկանում են միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությանը և պարտադիր չէ, որ արտացոլեն ոլորտում գործող մյուս կազմակերպությունների դիրքորոշումը։
Մենք պատասխանատվություն չենք կրում սույն դիրքորոշման օգտագործման կամ մեկնաբանման արդյունքում առաջացած որևէ արդյունքի համար։