Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգում։
Փոփոխության համաձայն՝ եթե անձը ցանկանում է ունենալ ծառայությունների անհատական ծրագիր և ստանալ դրանից բխող ծառայությունները, ապա պետք է կրկին անցնի հաշմանդամության սահմանման գործընթացով։ Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ) են ներառվում անձին անհրաժեշտ բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների և միջոցառումների և աջակցող միջոցների երաշխավորությունները։
Այսինքն՝ անձը, ում հաշմանդամությունը սահմանվել է նախորդ բժշկասոցիալական փորձաքննության համակարգով, որոշ աջակցող սարքեր կամ ծառայություններ ստանալու համար պետք է կրկին անցնի հաշմանդամության սահմանման գործընթացով։ Դրա արդյունքում կարող է փոխվել անձի հաշմանդամության խումբը (այժմ՝ ֆունկցիոնալության գնահատման աստիճանը) կամ առհասարակ հաշմանդամություն չսահմանվել, հետևաբար նաև փոփոխվել անձին տրվող հաշմանդամության նպաստի չափը և մյուս երաշխիքները։
Սա կարող է դրդել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրություն կատարելու երկու կարևոր իրավունքների՝ հաշմանդամության սահմանված լինելու և անհրաժեշտ ծառայություններից օգտվելու իրավունքների միջև։
Այս փոփոխությամբ պետությունը փաստացի հրաժարվում է ուժի մեջ գտնվող (այդ թվում՝ անժամկետ) վարչական ակտերից ենթադրվող պարտավորություններից, խախտելով մարդկանց՝ օրինական ակնկալիքի իրավունքը։
Ենթադրելով այս փոփոխության նպատակը, կարող ենք պնդել, որ փոփոխությունը որևէ կերպ չի նպաստելու կեղծ փաստաթղթերով հաշմանդամություն ունեցող անձանց դուրսբերմանը համակարգից։ Տվյալ անձինք՝ չունենալով ծառայությունների կարիք, չեն դիմի ծառայությունների անհատական ծրագրի համար՝ շարունակելով օգտվել պետական երաշխիքներից։ Իսկ այն անձինք, ովքեր, օրինակ, ունեն որևէ ծառայության կարիք, պետք է ստիպված լինեն նորից անցնել հաշմանդամության սահմանման գործընթացով։ Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենալ, որ կոռուպցիայի կանխարգելման գործողությունները պետք է հավասարակշռված լինեն և հարգեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։
Փոփոխությունը քննարկելիս կառավարությունը պարտավոր էր ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը, ինչը չի արվել։ Ինչպես նախկինում կառավարության հետ հաղորդակցության ժամանակ նշել էին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները՝ միայն e-draft.am-ի միջոցով հանրային քննարկում իրականացնելը չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես նախագիծը ներկայացնող, խախտել է նաև մարդու իրավունքներին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պահանջը։
Բացի իրավական բազմաթիվ պահանջների խախտումներից, փոփոխությունը քննարկելիս կառավարությունը պետք է հաշվի առներ մի քանի հանգամանք, այդ թվում՝
- հաշմանդամության սահմանման գործընթացը ժամանակատար է և կարող է սթրեսային լինել՝ նաև հաշվի առնելով անձանց նախորդ բացասական փորձերը.
- փոփոխությունը ոչ թե հեշտացնում, այլ հավելյալ բեռ է սահմանում հաշմանդամություն ունեցող անձանց վրա.
- փոփոխությունը չի նպաստում անձին անհրաժեշտ ծառայությունները ժամանակին տրամադրելուն և դրանց հեշտ հասանելիությանը.
- առկա է ցածր իրազեկվածություն գնահատման նոր համակարգի վերաբերյալ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հեշտությամբ կարողանային որոշումներ կայացնել.
- նոր համակարգն անհամեմատ ոչ թափանցիկ է, չի համապատասխանում հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցմանը։
Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններս և անհատներս, գտնում ենք, որ որոշումը նվազեցնում է հանրային իշխանության և նրա կայացրած որոշումների նկատմամբ վստահությունը, խախտում է պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքը՝ առաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ուժը կորցրած ճանաչել որոշումը:
Ստորագրողներ՝
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
«Լուսաստղ» ՀԿ
Հավասար կրթական հիմնադրամ
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ
«Հավասարության ուղի» ՀԿ
Սիփան Ասատրյան
Արևիկ Մելքոնյան
Նարինե Ղուկասյան
Վահան Դիշլանյան
Վահան Սարգսյան
Հայկ Մկրտչյան
Լուսինե Ղազարյան
Կարինե Ստեփանյան