2019 թ. հունիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է զինված հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակի վերաբերյալ 2475 բանաձևը:
Այս կարևորագույն բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երբևէ ընդունած առաջին փաստաթուղթն է, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց:
Բանաձևը կոչ է անում զինված հակամարտությունների բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան միջազգային իրավունքի պարտավորություններին՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց, կանխելու զինված հակամարտության իրավիճակներում նրանց նկատմամբ բռնությունները և չարաշահումները, այդ թվում՝ սպանությունները և խեղումները, առևանգումները և խոշտանգումը։
Բանաձևի մասին գործողություն կա «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրում», որը 2021 թ. մարտի 18-ին հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Ըստ ծրագրի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021-2023 թթ. պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը հակամարտությունների կանխարգելմանը, լուծմանը, խաղաղաշինական և հումանիտար գործողություններին՝ հաշվի առնելով 2475 բանաձևը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն սեփական նախաձեռնությամբ 2475 բանաձևը թարգմանել է հայերեն։ Այն ուղարկվել է պետական կառավարման համակարգի մարմիններին՝ հետագա աշխատանքներում հայերեն տարբերակը կիրառելու նպատակով։
2475 բանաձևի հայերեն տեքստը
Ընդունվել է Անվտանգության խորհրդի կողմից 8556-րդ հանդիպման ժամանակ 2019 թվականի հունիսի 20-ին
Անվտանգության խորհուրդը՝
Վերահաստատելով իր առաջնային պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, և այդ կապակցությամբ հայտնելով իրենց հանձնառությունը՝ լուծելու զինված հակամարտության և դրա հետ կապված մարդասիրական ճգնաժամերի անհամաչափ ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց վրա,
Լուրջ մտահոգություն հայտնելով զինված հակամարտությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց վրա անհամաչափ ազդեցության վերաբերյալ, ներառյալ՝ նրանց լքելը, բռնությունը և հիմնական ծառայություններից օգտվելու մատչելիության բացակայությունը, ընդգծելով բոլոր տուժած քաղաքացիական բնակչության պաշտպանության և աջակցության կարիքները և շեշտելով մարդասիրական արձագանքման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի կարիքները հաշվի առնելու անհրաժեշտությունը,
Վկայակոչելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները և դրանց 1977-ին ընդունված լրացուցիչ արձանագրությունները,
Վկայակոչելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, մասնավորապես` վտանգավոր իրավիճակների և արտակարգ հումանիտար իրավիճակների մասին 11-րդ հոդվածը,
Վերահաստատելով, որ զինված հակամարտության կողմերը կրում են առաջնային պատասխանատվություն՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը քաղաքացիական անձանց պաշտպանության համար և վկայակոչելով, որ պետությունները կրում են առաջնային պատասխանատվություն՝ հարգելու և ապահովելու իրենց տարածքում գտնվող և իրենց իրավասությանը ենթակա բոլոր անձանց մարդու իրավունքները, ինչպես նախատեսված է միջազգային իրավունքով,
Վկայակոչելով նաև մարդու բոլոր իրավունքների և հիմնական ազատությունների համընդհանրությունը, անօտարելիությունը, փոխկախվածությունը եւ փոխկապվածությունը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ նրանք, որոնք ունեն ֆիզիկական, մտավոր, հոգեսոցիալական և զգայական հաշմանդամություն և նրանք, որ մեկուսացած են իրենց հաշմանդամության հիմքով) առանց խտրականության դրանցից ամբողջությամբ օգտվելը երաշխավորելու անհրաժեշտությունը,
Գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների կարևոր ներդրումը հակամարտությունների կանխարգելման, լուծման, հաշտեցման, վերակառուցման, խաղաղաշինության և հակամարտության հիմնական պատճառների լուծման գործում, և այդ առումով շեշտելով հաշմանդամություն ունեցող անձանց միջև կայուն խորհրդատվության և երկխոսության կարևորությունը, ներառյալ նրանց ներկայացուցչական կազմակերպությունները, մարդասիրական կազմակերպությունները և ազգային և միջազգային որոշումներ կայացնողները,
Գիտակցելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ կապված արդարադատությունից, ներառյալ արդյունավետ միջոցներից և հատուցումից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող որոշակի խոչընդոտները,
Գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց տեսակետների ներառման կարևորությունը մարդասիրական արձագանքման պլաններում և հետհակամարտային վերականգնման և վերակառուցման պլաններում, ներառյալ մատչելիության և խելամիտ հարմարեցման վերաբերյալ,
Գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց վրա զինված հակամարտության ազդեցության մասին արդի տվյալների և տեղեկությունների անհրաժեշտությունը և վերլուծությունը,
Վերահաստատելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պահպանելու իր նվիրվածությունը,
Վերահաստատելով զինված հակամարտությունների հիմնական պատճառների լուծման կարևորությունը կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար,
Նշելով ընթացիկ միջազգային նախաձեռնությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Հաշմանդամության ներառման ռազմավարության և Միջգերատեսչական մշտական կոմիտեի կողմից Մարդասիրական գործողություններում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ուղեցույցի արդիականությունը և նշելով Հաշմանդամություն ունեցող անձանց՝ մարդասիրական գործողություններում ներառման մասին խարտիան,
- Կոչ է անում զինված հակամարտությունների բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան միջազգային իրավունքի պարտավորություններին՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կանխելու զինված հակամարտության իրավիճակներում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և չարաշահումները, այդ թվում՝ սպանությունները և խեղումները, առևանգումները և խոշտանգումը, ինչպես նաև հակամարտություններում և հետհակամարտային իրավիճակներում բռնաբարությունը և սեռական բռնության այլ ձևերը,
- Շեշտում է, որ պետությունները պետք է դադարեցնեն քաղաքացիական անձանց, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ քրեական հանցագործությունների անպատժելիությունը, և պետք է ապահովեն, որ այդպիսի անձինք ունենան արդարադատության, արդյունավետ միջոցների և, անհրաժեշտության դեպքում, հատուցման մատչելիություն,
- Կոչ է անում զինված հակամարտության բոլոր կողմերին` թույլ տալ և հեշտացնել աջակցության կարիք ունեցող բոլոր մարդկանց անվտանգ, ժամանակին և անարգել մարդասիրական օգնությունը,
- Ընդգծում է զինված հակամարտություններից տուժած հաշմանդամություն ունեցող խաղաղ բնակիչներին կայուն, ժամանակին, համապատասխան, ներառական և մատչելի աջակցություն ցուցաբերելու օգուտը՝ ներառյալ վերաինտեգրումը, վերականգնումը և հոգեբանական աջակցությունը՝ ապահովելու համար, որպեսզի արդյունավետորեն բավարարվեն նրանց, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների հատուկ կարիքները,
- Խրախուսում է անդամ պետություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու զինված հակամարտությունների համատեքստում մատուցվող հիմնական ծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով, ներառյալ՝ կրթությունը, առողջապահական ծառայությունները, տրանսպորտը և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը,
- Կոչ է անում անդամ պետություններին հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ նրանց ներկայացնող կազմակերպությունները) մարդասիրական գործողություններում, հակամարտությունների կանխարգելման, լուծման, հաշտեցման, վերակառուցման և խաղաղաշինության գործում նշանակալից մասնակցության և ներկայացվածության հնարավորություն ընձեռել և խորհրդակցել նրանց հետ, ովքեր ունեն հաշմանդամության հարցերի ինտեգրման փորձառություն,
- Շեշտում է ՄԱԿ-ի խաղաղապահության և խաղաղաշինության գործում դերակատարների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և առանձնահատուկ կարիքների վերաբերյալ կարողությունների և գիտելիքների զարգացման կարևորությունը և հորդորում անդամ պետություններին այդ հարցում առանցաքային դեր ունենալ,
- Հորդորում է անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները զինված հակամարտության իրավիճակներում հաշմանդամության պատճառով անձանց խտրականությունը և մարգինալացումը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես նրանց, ովքեր խտրականության բազմակի և հատվող ձևերի են ենթարկվում,
- Խնդրում է Գլխավոր քարտուղարին թեմատիկ և աշխարհագրական զեկույցներում և Խորհրդի պարբերական ճեպազրույցներում ըստ նպատակահարմարության ներառել տեղեկություններ և առաջարկություններ զինված հակամարտությունների համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության գործող մանդատների և ռեսուրսների սահմաններում ներառել հաշմանդամության առումով ապախոշորացված տվյալներ,
- Գիտակցում է քաղաքացիական հասարակության և Խորհրդի միջև փոխգործակցության կարևորությունը և, այս առումով, հայտնում է իր մտադրությունը՝ հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ նրանց ներկայացուցնող կազմակերպություններին, Խորհրդին ներկայացնել ճեպազրույցներ համապատասխան թեմատիկ և աշխարհագրական հարցերի վերաբերյալ և դիտարկել Խորհրդի առաքելությունների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ ինտերակտիվ հանդիպումների ներառումը,
- Կոչ է անում մասնակից պետություններին կատարել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով իրենց նկատմամբ կիրառելի պարտավորությունները: