- Որտեղի՞ց պետք է սկսեմ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը։
Դուք պետք է դիմեք բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն՝ պոլիկլինիկա, բժշկական կենտրոն։ Ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրում է Ձեր բուժող բժիշկը։
- Ի՞նչ տվյալներ են լրացվում ուղեգրում։
Ուղեգրում բժիշկը լրացնում է ինչպես Ձեր անձնական, այնպես էլ բժշկական տվյալները։ Օրինակ՝ Ձեր կոնտակտային տվյալները, առողջական վիճակը, բուժական-վերականանգնողական միջոցառումների արդյունքները նկարագրող տեղեկությունները և այլն:
- Ինձ տալո՞ւ են ուղեգիրը և ու՞ր պետք է այն տանեմ հետո։
Ձեզ չեն տալու ուղեգրի թղթային տարբերակ և դուք այն ստիպված չեք լինի տանելու որևէ կառույց։ Գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային է։ Ուղեգիրը լրացնելուց և հաստատելուց հետո այն կտեսնեն ֆունկցիոնալության գնահատման համար պատասխանատուները։ Ուղեգիրը լրացվելուց հետո տեսանելի կդառնա նաև Ձեզ՝ «Արմեդ» համակարգի միջոցով։ Ձեր պահանջի դեպքում պետք է տրամադրեն ուղեգրի լրացված էլեկտրոնային տարբերակին տեղում ծանոթանալու հնարավորություն։ Իսկ եթե «Արմեդ» համակարգում գրանցված է Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, կարող է ուղեգիրն ուղարկվել նաև Ձեր էլեկտրոնային փոստին։
- Ինձ կուղեգրե՞ն միանգամից, թե՞ պետք է որոշակի ժամանակ անցնի բուժումիցս։
Ձեզ պետք է ուղեգրեն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո։
Եթե Ձեր առողջական խնդիրը պահանջում է տևական բուժում, Ձեզ կարող են ուղեգրել բուժման ընթացքում, սակայն ոչ շուտ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։ Եռամսյա ժամկետը չի պահպանվի, եթե բացակայում է Ձեր առողջական վիճակի վերականգման հեռանկարը։ Օրինակ՝ դեմենցիայի, անդամահատումների, մեկ աչքի անվերադարձ կուրության կամ խիստ արտահայտված բարդություններով և ծանր ընթացքով շաքարային դիաբետի դեպքում։
Ամբողջական ցանկ (տե՛ս 9-րդ գլուխը)
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա պետք է ինձ ուղեգրեն ֆունկցիոնալության գնահատման։
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում են անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Ըստ առողջական վիճակի խմբերի՝ կա նաև նվազագույն անհրաժեշտ տեղեկությունների ցանկ, որը պարտադիր է ունենալ ուղեգրման պահին։ Օրինակ՝ հոգեկան առողջության խնդիրների դեպքում ուղեգրելիս պարտադիր է ունենալ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ։
Ամբողջական ցանկ (տե՛ս հավելված 1, 5-րդ կետ)
- Ուղեգրման մասին ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ։
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման մասին ավելի մանրամասն կարգավորումներ կարող են լինել տարբեր իրավական ակտերում։ Ահա այն հիմնական իրավական ակտերը, որը պարզեցված փորձել էինք նկարագրել վերևում.
Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք, հոդված 6.1
«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, գլուխ 4
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրաման
Ո՞ւմ կարող եմ դիմել, եթե ունեմ հավելյալ հարցեր ֆունկցիոնալության գնահատման ուղեգրման վերաբերյալ:
Կարող եք դիմել ինչպես պետական մարմիններին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարարությանը (տեղեկատու՝ (+374 60) 80 80 03), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (թեժ գիծ՝ 114), հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ուրախ կլինի Ձեզ տրամադրելու Ձեր հարցերի պատասխանները ֆունկցիոնալության գնահատման և ուղեգրման գործընթացի վերաբերյալ։ Մեզ կարող եք գրել ինչպես Ֆեյսբուքյան էջի միջոցով, այնպես էլ էլեկտրոնային փոստին՝ info@dra.am։ Մեզ հետ կապ կարող եք հաստատել նաև զանգելով +374 77 400 350 հեռախոսին, որը հասանելի է նաև Whatsapp հավելվածում։
Այս հարցուպատասխանը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Strive ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում Է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:#EUinArmenia