«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն մշակել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության մատչելի ձևաչափերով տարբերակներ:
Հարցուպատասխան կամընտիր արձանագրության մասին
Ի՞նչ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը
Կամընտիր արձանագրությունը միջազգային պայմանագիր է։ Այն «կամընտիր» է այն իմաստով, որ պետությունները պարտավոր չեն դառնալ արձանագրության անդամ, նույնիսկ եթե նրանք վավերացրել են կոնվենցիան։ Այն ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումն ուժեղացնելու և մշտադիտարկելու համար։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:
Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում մշտադիտարկումը
Կամընտիր արձանագրությունը ներդնում է երկու ընթացակարգ՝ ամրապնդելու համար կոնվենցիայի իրականացումը, դրանք են՝ անհատական հաղորդման ընթացակարգը և հետաքննության ընթացակարգը։
Ի՞նչ է անհատական հաղորդման ընթացակարգը
Կամընտիր արձանագրությունը վավերացրած պետություններում անհատները և անհատների խմբերը կարող են բողոքներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեին, այն մասին, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը։
Ի՞նչ է հետաքննության ընթացակարգը
Եթե կոմիտեն ստանում է հավաստի տեղեկություններ, որ պետությունը թույլ է տվել կոնվենցիայի դրույթների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ, ապա կոմիտեն կարող է ուսումնասիրություն սկսել, այցելել տվյալ պետություն։ Այնուհետև, Կոմիտեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված իր զեկույցում հրապարակում է իր բացահայտումների սեղմագիրը կամ ամբողջական զեկույցը։
Կամընտիր արձանագրության տեքստը
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն
Սույն արձանագրության Կողմ պետությունները համաձայնել են հետևյալի մասին,
Հոդված 1
1. Սույն արձանագրության Կողմ պետությունը (Կողմ պետություն) ճանաչում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի (Կոմիտե) հանձնառությունը՝ ստանալ և քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից՝ Կողմ պետության կողմից Կոնվենցիայի դրույթների խախտման զոհ լինելու մասին ներկայացվող հաղորդումները:
2. Կոմիտեն չի ընդունում որևէ հաղորդում, որը վերաբերում է սույն արձանագրության կողմ չհանդիսացող՝ Կոնվենցիայի Կողմ պետության:
Հոդված 2
Կոմիտեն հաղորդումն անընդունելի է համարում այն դեպքում, երբ.
ա) հաղորդումն անանուն է,
բ) հաղորդումն այդպիսի հաղորդումներ ներկայացնելու իրավունքի չարաշահում է կամ սույն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի է,
գ) նույն հարցն արդեն ուսումնասիրվել է Կոմիտեի կողմից կամ ուսումնասիրվել կամ ուսումնասիրվում է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգով,
դ) չեն սպառել իրավական պաշտպանության բոլոր հասանելի ներպետական միջոցները: Այս կանոնը չի գործում այն դեպքում, երբ իրավական պաշտպանության միջոցների կիրառումն անհիմն ձգձգվում է, կամ հավանական չէ, որ կհանգեցնի արդյունավետ պաշտպանության,
ե) այն ակնհայտորեն անհիմն է կամ բավարար կերպով հիմնավորված չէ, կամ
զ) հաղորդման առարկա փաստերը տեղի են ունեցել նախքան համապատասխան Կողմ պետության համար սույն արձանագրության ուժի մեջ մտնելը, եթե այդ փաստերը չեն շարունակվել այդ օրվանից հետո։
Հոդված 3
Սույն արձանագրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն Կոմիտեն իրեն գաղտնի ներկայացված ցանկացած հաղորդում ներկայացնում է Կողմ պետության ուշադրությանը։ Հաղորդումն ստացած պետությունը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ պաշտոնական հայտարարություններ է ներկայացնում Կոմիտե՝ պարզաբանելով հարցը և իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը կարող էր ձեռնարկվել այդ պետության կողմից։
Հոդված 4
1. Հաղորդումն ստանալուց հետո և մինչև ըստ էության որոշում կայացնելը՝ ցանկացած պահի, Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետությանն անհապաղ քննարկելու համար փոխանցել պահանջն այն մասին, որ Կողմ պետությունը ձեռնարկի այնպիսի միջանկյալ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ենթադրյալ խախտումների զոհին կամ զոհերին պատճառվող հնարավոր անդառնալի վնասից խուսափելու համար:
2. Կոմիտեի՝ սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված հայեցողական լիազորությունների իրականացումը չի ենթադրում հաղորդման ընդունման կամ ըստ էության քննության վերաբերյալ որոշման կայացում:
Հոդված 5
Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդումներն ուսումնասիրելիս Կոմիտեն անց է կացնում դռնփակ նիստեր: Հաղորդումն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն իր առաջարկներն ու հանձնարարական-առաջարկները, եթե այդպիսիք առկա են, ուղարկում է համապատասխան Կողմ պետությանը և հայտատուին:
Հոդված 6
1. Եթե Կոմիտեն ստանում է հավաստի տեղեկություններ, որոնցում նշվում է Կողմ պետության կողմից Կոնվենցիայում սահմանված իրավունքների լուրջ կամ պարբերական խախտումների մասին, ապա Կոմիտեն Կողմ պետությանն առաջարկում է համագործակցել տեղեկությունների ուսումնասիրության հարցում և այդ նպատակով ներկայացնել դիտարկումներ տվյալ տեղեկությունների վերաբերյալ։
2. Հաշվի առնելով ցանկացած դիտարկում, որը կարող է ներկայացնել համապատասխան Կողմ պետությունը, ինչպես նաև իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկություն, Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել քննություն և անմիջապես զեկուցել իրեն: Այն դեպքում, երբ երաշխավորված է, և առկա է Կողմ պետության համաձայնությունը, քննության շրջանակներում կարող է կատարվել այցելություն այդ պետության տարածք:
3. Այդպիսի քննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն այդ արդյունքները ցանկացած մեկնաբանության և հանձնարարական-առաջարկի հետ փոխանցում է համապատասխան Կողմ պետությանը:
4. Համապատասխան Կողմ պետությունն արդյունքները, մեկնաբանությունները և հանձնարարական-առաջարկներն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, 5. Կոմիտե է ներկայացնում իր դիտարկումները։
Այդպիսի քննությունն անցկացվում է գաղտնի, և վարույթի` բոլոր փուլերում պետք է ձգտել համապատասխան Կողմ պետության հետ համագործակցության:
Հոդված 7
1. Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետությանն առաջարկել Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված իր զեկույցում ներառել մանրամասն տեղեկություն ցանկացած միջոցառման մասին, որը Կողմ պետությունը ձեռնարկել է սույն արձանագրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված քննության արդյունքում:
2. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված վեցամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Կողմ պետությանն առաջարկել իրեն տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են այդպիսի քննության արդյունքում:
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ պետություն սույն արձանագրության ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ չի ճանաչում 6-րդ և 7-րդ հոդվածներով Կոմիտեին վերապահված իրավասությունը։
Հոդված 9
Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարը սույն Գլխավոր արձանագրության ավանդապահն է:
Հոդված 10
Սույն արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած պետությունների և տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունների ստորագրման համար` Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակում, 2007 թվականի մարտի 30-ից:
Հոդված 11
Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման սույն արձանագրությունն ստորագրած այն պետությունների կողմից, որոնք վավերացրել են Կոնվենցիան կամ միացել են դրան: Այն ենթակա է սույն արձանագրությունն ստորագրած այն տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունների պաշտոնական հաստատմանը, որոնք պաշտոնապես հաստատել են Կոնվենցիան կամ միացել են դրան: Այն բաց է ցանկացած պետության կամ տարածաշրջանային ինտեգրման այն կազմակերպության միանալու համար, որը վավերացրել, պաշտոնապես հաստատել է Կոնվենցիան կամ միացել է դրան, և որը չի ստորագրել սույն արձանագրությունը:
Հոդված 12
1. «Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություն» նշանակում է՝ տվյալ տարածաշրջանի ինքնիշխան պետություններից կազմված կազմակերպություն, որին դրա անդամ պետությունները փոխանցել են Կոնվենցիայով և սույն արձանագրությամբ կարգավորվող հարցերին առնչվող իրավասություն: Այդպիսի կազմակերպությունները պաշտոնական հաստատման կամ միանալու վերաբերյալ իրենց փաստաթղթերում հայտարարում են Կոնվենցիայով և սույն արձանագրությամբ կարգավորվող հարցերին առնչվող իրենց իրավասության շրջանակը: Նրանք հետագայում ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասության շրջանակին վերաբերող ցանկացած էական փոփոխության մասին:
2. Սույն արձանագրության մեջ «Կողմ պետություններ»-ին կատարված հղումները վերաբերում են այդպիսի կազմակերպություններին՝ իրենց իրավասության սահմաններում:
3. Սույն արձանագրության 13-րդ հոդվածի 1-ին պարբերության և 15-րդ հոդվածի 2-րդ պարբերության նպատակների իրականացման համար տարածաշրջանային ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված որևէ փաստաթուղթ հաշվի չի առնվում:
4. Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություններն իրենց իրավասության շրջանակներում գտնվող հարցերի հետ կապված կարող են իրացնել Կողմ պետությունների հանդիպման ընթացքում քվեարկելու իրենց իրավունքը սույն արձանագրության Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար ձայներով: Այդպիսի կազմակերպությունը չի իրացնում քվեարկելու իր իրավունքը, եթե իր անդամ պետություններից որևէ մեկն իրացնում է այդ իրավունքը, և հակառակը:
Հոդված 13
1. Կոնվենցիան ուժի մեջ մտնելու կարգի համաձայն՝ սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը:
2. Լույն արձանագրությունը վավերացնող, պաշտոնապես հաստատող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության կամ տարածաշրջանային ինտեգրման կազմակերպության համար` այդպիսի տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո արձանագրությունն ուժի մեջ է մտնում իր այդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը:
Հոդված 14
1. Սույն արձանագրության առարկայի և նպատակի հետ անհամատեղելի վերապահումներ չեն թույլատրվում:
2. Վերապահումները կարող են ցանկացած պահի հանվել:
Հոդված 15
1. Ցանկացած Կողմ պետություն կարող է առաջարկել սույն արձանագրության մեջ կատարել փոփոխություն և այդ առաջարկությունը ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկվող փոփոխություն ուղարկում է Կողմ պետություններին՝ խնդրելով, որ նրանք ծանուցեն՝ արդյո՞ք հավանություն են տալիս հրավիրել Կողմ պետությունների հանդիպում՝ առաջարկները քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Այն դեպքում, երբ այդ հաղորդումն ուղարկելու օրվանից չորս ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս այդպիսի հանդիպում անցկացնելուն, Գլխավոր քարտուղարը հրավիրում է հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցած Կողմ պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն Գլխավոր քարտուղարը ներկայացնում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը և այնուհետև բոլոր Կողմ պետությունների ընդունմանը:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համապատասխան ընդունված և հաստատված փոփոխությունն ուժի մեջ է մտնում ի պահ հանձնված՝ ընդունման մասին փաստաթղթերի թիվը փոփոխությունն ընդունելու օրվա դրությամբ: Կողմ պետությունների ընդհանուր թվի երկու երրորդին հասնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Դրանից հետո փոփոխությունը ցանկացած Կողմ պետության համար ուժի մեջ է մտնում ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Փոփոխությունը պարտադիր է միայն այն ընդունած Կողմ պետությունների համար:
Հոդված 16
Կողմ պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն արձանագրության գործողությունն իր նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:
Հոդված 17
Սույն արձանագրության տեքստը հասանելի է դարձվում մատչելի ձևաչափերով։
Հոդված 18
Սույն արձանագրության արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն արձանագրությունը։